Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նատալյա Լափաուրին դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետին` իր լիազորությունները վաղաժամ դադարեցնելու վերաբերյալ: Այդ մասին ավագանու այսօրվա նիստի սկզբում հայտարարել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:

NEWS.am-ի տեղեկություններով Նատալիա Լափաուրիին ստիպել է հրաժարական տալ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ինֆորմացիայի արտահոսքի պատճառով: Մեր տեղեկություններով՝ ինֆորմացիոն արտահոսքը տեղի է ունեցել անձամբ Գագիկ Բեգլարյանի մոտ, ինչն էլ խիստ վրդովվեցրել է Ծառուկյանին: Վերջինս ստիպել է Լափաուրիին հրաժարվել մանդատից:

Երեւանի ավագանու խորհրդի ԲՀԿ խմբակցության նախագահ Արման Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը: «Նատալի Լափաուրին իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից ծանրաբեռնվածության պատճառով, որը քննարկվել է եւ ընթացք է տրվել»,- նշել է Արման Վարդանյանը:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում հաջորդը Արա Վարդանյանն է: