Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է Մաքսային միություն մտնելուն: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում այսօր՝ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Տեխնիկական կանոնակարգումը Մաքսային Միությունում եւ Միասնական տնտեսական տարածքում. փոխադարձ ապրանքաշրջանառության աճի բաղադրիչները» թեմայով աշխատաժողովը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջի՝ միջոցառման նպատակն էր Մաքսային Միության անդամ երկրներ արտադրանք արտահանողներին մանրամասն իրազեկել այն բոլոր ընթացակարգերի եւ մեխանիզմների մասին, որոնք կնպաստեն իրենց արտադրանքն այդ երկրներ ներմուծելուն:

Աշխատաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ տնտեսական զարգացման, արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունների, տեխնիկական կանոնակարգման եւ չափագիտության դաշնային գործակալության, ֆեդերալ մաքսային ծառայության, Բելառուսի պետստանդարտի, Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության պաշտոնյաներ եւ պատասխանատու աշխատակիցներ:

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի տարբեր գերատեսչությունների, պետական եւ մասնավոր շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակագրման հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Վալերի Կորեշկովը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Մաքսային Միությունում եւ Միասնական տնտեսական տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերը, արտադրանքի նկատմամբ կիրառվող պարտադիր պահանջներն, արգելքներն ու սահմանափակումները, քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունից արտադրանքի արտահանման հետ կապված մի շարք հարցեր, տրվեցին համապատասխան պարզաբանումներ: