Գոշ լիճը ճահճանում է: Այս մասին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակով ահազանգել է ՀՀ բնապահպանության նախարարությանը, հաղորդում է «ԷկոԼուր»-ը:
«Լիճը հանդիսանում է ազգային պարկի էկոտուրիստական կարեւորագույն երթուղիներից մեկը: Ցանկանում ենք նշել նաեւ, որ ճահճացման հետ մեկտեղ կենցաղային աղբի կույտերի սրընթաց ավելացումը շուտով բերելու է այդ գեղատեսիլ էկոերթուղու հանդեպ զբոսաշրջիկների հետաքրքրության անկմանը»,- մասնավորապես նշված է նամակում: ՀԿ-ն նախարարությանն է դիմում Գոշ լիճը ճահճացումից փրկելու նպատակով անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար եւ խնդրում տրամադրել տեղեկություն նախատեսվող գործողությունների ժամկետների վերաբերյալ: Ինչպես նաեւ նախարարությանն առաջարկվում է կազմակերպել քննարկում հիդրոկենսաբանների, բնապահպանների եւ հասարակական սեկտորի մասնակցությամբ՝ մաքրման աշխատանքների անհրաժեշտությունը պարզելու, արդյունավետ նախագծելու եւ լճի էկոհամակարգին չվնասելու նպատակով, նաեւ կազմակերպել լճի եւ շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ եւ տեղադրել աղբամաններ:
«Հայտնում ենք մեր պատրաստակամությունը վերոհիշյալ խնդրի լուծմանն առնչվող միջոցառումներին մասնակցելու մասին»,- ասվում է նամակում:





























