Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, սեպտեմբերի 4-ին, այցելել է ՀՀ հարավ-արեւմտյան սահմանագոտի, առաջնագծում հանդիպել դիրքապահ զինծառայողների հետ, ստուգել մարտական պատրաստությունը, զորքերի ծառայության իրականացման խնդիրները եւ զորվարժությունների անցկացման գործընթացը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը լսել է հրամանատարների զեկույցները, տվել է համապատասխան ցուցումներ եւ հրահանգներ գործընթացը ավելի խորքային եւ արդյունավետ իրականացնելու համար:

Նշենք, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանագծի երկայնքով տեղակայված ՀՀ ԶՈւ զորամիավորման զորամասերը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացնում են լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց մասնակցում են նաեւ կենտրոնական ենթակայության զորամասեր եւ ստորաբաժանումներ բոլոր զորատեսակներից: Զորավարժության տեւողությունը յոթ օր է, ներգրավված մեծաքանակ ուժերը եւ միջոցները զորավարժության ընթացքում հիմնականում խաղարկում են հակահարձակողական գործողություններ, որոնց շրջանակներում իրականացնում են նաեւ կրակային խնդիրներ: