Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 9 հասցեի բակում, ապրիլի 23-ին ժամը 12.30-ի սահմաններում 74-ամյա Ժ. Ղ.-ին դանակահարած երիտասարդը` 22-ամյա Նարեկ Խաչատրյանը, դատապարտվել է ազատազրկման 6 ամիս ժամկետով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Աջափնյակ եւ Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանից:
Գործով դատաքննությունն ավարտվել է, Նարեկ Խաչատրյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով եւ նշանակվել է պատիժ` ազատազրկում 6 ամիս ժամկետով: Դատարանը որոշել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, փոխել կալանավորմամբ եւ նրան կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճում, պատժի սկիզբը հաշվել ամբաստանյալի փաստացի կալանքի վերցնելու պահից: Պատիժ նշանակելիս որպես ամբաստանյալի անձը դրական բնութագրող հանգամանք հաշվի է առնվել նրա դրսեւորած վարքագիծը արտակարգ իրավիճակում` գործին կցված է լազերային սկավառակ, որը պարունակում է «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրված հաղորդումը, ըստ որի Ն.Խաչատրյանը Երեւան քաղաքում տեղի ունեցած հորդառատ անձրեւի ժամանակ օգնության է հասել անձի, ով փակված է եղել նկուղային հարկում եւ այնտեղ լցված ջրի հետեւանքով խեղդվելիս է եղել:
Որպես մեղմացնող հանգամանք` դատարանը հաշվի է առել նաեւ, որ Ն.Խաչատրյանը ֆիզիկապես վատառողջ է, նրա մոտ հայտնաբերվել են բնավորության փսիխոպատիկ գծեր: Դատարանի համար երիտասարդի պատճառաբանությունները, որ տուժողին սուր ծակող կտրող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել անհրաժեշտ պաշտպանության վիճակում, անհիմն են եւ նպատակ են հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից ու պատժից կամ պատասխանատվության ենթարկվել ավելի մեղմ քրեական օրենքով:
Գործով տուժողի որդին` Աղասը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Նարեկ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչում եւ դատարանի որոշումը բողոքարկել է: Նա նշեց, որ երիտասարդը դատական նիստերին իրեն «սփայդերմենի, բեթմենի տեղն էր դրել», ասում էր, թե այս կյանքում իր համար ամենաթանկ բանը արժանապատվությունն ու ինքնասիրությունն է: «Մի քիչ կինոներ շատ է նայել, վերջում երբ որ վճիռը կարդացին եւ հայտնեցին, որ կկալանավորեն դատարանի դահլիճից, վեր կացավ կանգնեց, ձեռքերն առաջ պարզեց, թե իբր ամրացրեք նառուչիկները, տարեք կինոյի տղուն: Հիմա էլ գնացել է այնտեղ կլոունություն է անում, բողոքարկում է, համարում է, որ 6 ամիսը իր համար շատ է, դա էլ չպետք է նստի»,- ասաց Աղասը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ժամը 12.30-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 9 հասցեի բակում երիտասարդը դանակահարել է 74-ամյա Ժ. Ղ.-ին` հարվածներ հասցնելով սրտի շրջանում թիկունքից եւ վնասելով մկանային երակները: Դեպքի վայրից Ժ. Ղ.-ին տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, վիրահատել: Դեպքի առթիվ Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՔՕ-ի 113-րդ 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը: Ավելի ուշ հայտնաբերվել էր, որ ծեր թոշակառուին դանակահարողը 22-ամյա Նարեկ Խաչատրյանն է:




























