Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված են թվով 25 կամուրջների, ուղետարների եւ ուղեանցների սպասարկման ու ընթացիկ նորոգման աշխատանքներ: Գործընթացն իրականացնում է մրցութային կարգով ընտրված «Կամուրջշին» ընկերությունը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գարնանից մեկնարկած ծրագրի նպատակը կամուրջներն ու կամրջային կառուցվածքները մշտապես աշխատանքային վիճակում պահելն ու նաեւ քաղաքային միջավայրում դրանց անհրաժեշտ գեղագիտական տեսքը ապահովելն է: Կամուրջների վրա այս կամ այն տեսակի աշխատանքի իրականացումն ի հայտ է գալիս մասնագիտական ուսումնասիրության արդյունքում: Հիմնականում կարգի են բերվում երթեւեկելի գոտիները, վերասվաղվում են պատերի ու առաստաղի հատվածաբար թափված ծեփոնները, փոխվում են եզրաքարերը եւ այլն: Առանձին աշխատանքներ, ծանրաբեռնված երթեւեկությամբ պայմանավորված, իրականացվում են գիշերային ժամերին:
Այժմ «Կամուրջշինի» մասնագետները ներկում ու պատշաճ տեսքի են են բերում Դավթաշենի կամրջի մետաղական կրող կոնստրուկցիաները: 2013թ. մայրաքաղաքի կամուրջների սպասարկման եւ ընթացիկ նորոգման համար նախատեսվել է 90 միլիոն դրամ:





























