Վրաստանի գլխավոր դատախազությունը չի բացառում, որ կարող է հարցաքննել հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիին՝ գործարար Ավթանդիլ (Անտոն) Ադուաշվիլիի սպանության գործով: Այս մասին հայտարարել է դատախազ Նինո Ագլեմաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Ադուաշվիլին գնդակահարվել է իր մեքենայում 2012-ի նոյեմբերին: Այդ գործով ներգրավված է 6 մեղադրյալ, այդ թվում Պավլիաշվիլիի փեսա Վախթանգ Չխապելիան: Սպանվածի ընտանիքը սպանության մեջ մեղադրում է Սոսո Պավլիաշվիլիին:
«Թեեւ գործում կան որոշակի նյութեր, որից կարելի է ենթադրել հանցագործությանը Պավլիաշվիլիի առնչության մասին, մենք հսակ ապացույցներ չունենք, որոնք անհրաժեշտ են մեղադրանք առաջադրելու համար:
Այս առնչությամբ քննություն է ընթանում հիմնական գործից առանձնացված գործով, որի ինտենսիվ հետաքննությունը կշարունակվի մինչեւ հիմնական գործընթացի ավարտը: Չի բացառվում, որ այդ ընթացքում Պավլիաշվիլիին հարցաքննեն»,-հայտարարել է Ագլեմաշվիլին:
Նրա խոսքով՝ նոր գործի հարուցումը կապված է այն բանի հետ, որ հիմնական գործով մեղադրյալները Պավլիաշվիլիին համարել են սպանության պատվիրատու:
«Չի բացառվում, որ քննության ընթացքում պարզվի Պավլիաշվիլիի մեղքը»,-ասել է նա:




























