Այսօր Ազգային ժողովի նիստում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել, երբ քննարկվում էր այն օրինագիծը, որով առաջարկվում է զրպարտության եւ վիրավորանքի համար մինչեւ 2 միլիոն դրամի չափով տուգանել լրատվամիջոցներին: Կոալիցիայի կողմից ներկայացված այս օրինագիծը բուռն արձագանք է ունեցել հասարակության շրջանում, քանի որ հասարակական բազմաթիվ կազմակերպություններ եւ լրատվամիջոցներ կարծում են, որ սա մահակ է դառնալու ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ:
Բանն այն է, որ օրինագիծը քվեարկության դնելուց առաջ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել՝ ակնկալելով, որ այդ ընթացքում օրինագծի հեղինակներն իրենց կներկայացնեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: 20 րոպե անց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ժապավենով հատուկ փաթեթավորած բերել եւ հանդիսավոր կերպով հանձնել է Ստեփան Սաֆարյանին:
«Ժառանգության» պատգամավորը նկատել է, որ այդ եզրակացությունում 20 առարկություն կա վերոնշյալ օրինագծի վերաբերյալ եւ առաջարկել է հարցի քվեարկությունը հետաձգել: «Դա աճպարարություն է՝ նախորդած քննարկման ընթացքում Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հիշատակումներով ընդունել տալ առաջին ընթերցմամբ, որպեսզի օրինագիծն ընդունվի այն տեսքով, ինչ տեսքով որ ցանկալի է իշխանություններին: Սա նշանակում է, որ իշխանության նպատակները եւ մտադրությունները ազնիվ չեն այս օրինագծի կապակցությամբ»,- ասել է Սաֆարյանը:
Այդուհանդերձ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը օրինագիծը դրել է քվեարկության, որն անցել է 78 կողմ, 9 դեմ և 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:


























