Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու առիթով հարուցված քրգործի նախաքննությունը (ՀՀ ՔՕ 347-րդ հոդվածի 3-րդ մասով):

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Պետրոսյանը 2012թ. հուլիսի 12-ի հերթական դատական նիստի ավարտից անմիջապես հետո գործով մեղադրող` ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի դատախազ Վ. Միլիտոնյանի կողմից ներկայացված մեղադրական ճառի, պատժի եւ պատժաչափի վերաբերյալ կատարված միջնորդության հետ կապված նրա հասցեին տվել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ, որը զուգորդվել է մեղադրողի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, այն է` Ա. Պետրոսյանը ջրով լի պոլիմերային շշով հարվածել է Վ. Միլիտոնյանի գլխին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ամբաստանյալ Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 347-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: