Մեծ է հավանականությունը, որ վերջին շրջանում քաղաքացիական ակտիվիստների դեմ հարձակումներն ու բռնությունների շղթան նախապես կազմակերպված եւ ուղղորդված գործողություններ են: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:
Հայտարարությունում ասվում է.
«2013 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի են ունեցել անձանց կյանքին եւ առողջությանը վտանգ ներկայացնող մի շարք հարձակումներ: Այդ բոլոր անձինք հանդիսանում են քաղաքացիական նախաձեռնությունների աջակիցներ, ովքեր կա՛մ ակտիվ մասնակցություն ունեն բողոքի տարբեր ակցիաներին, կա՛մ անմիջական կապ ունեն ակտիվիստների հետ: Այսպիսով`
Օգոստոսի 22-ին Երեւան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը:
Օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին մի քանի երիտասարդներ են մոտեցել եւ հարցրել՝ արդյո՞ք մասնակցում են քաղաքապետարանի առջեւ կազմակերպված նստացույցին, իսկ դրական պատասխան լսելուց հետո, «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով, սկսել են ծեծել ակտիվիստներին:
Օգոստոսի 25-ին անհայտ անձինք «Հաղթանակ» կամրջի վրա հարձակվել են ակտիվիստ Միքայել Տոնոյանի վրա, եւ «մեր հերերի՞ն եք նեղացնում» ասելով՝ հարվածել են եւ դիմել փախուստի:
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արման Ալեքսանյանը:
Սեպտեմբերի 5-ի գիշերը շենքի բակում մեքենան կայանելիս 6-7 անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել Հայկակ Արշամյանը եւ Սուրեն Սաղաթելյանը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ կարծիքով՝ առկա է մեծ հավանականություն, որ այս բոլորը նախապես կազմակերպված եւ ուղղորդված գործողություններ են:
Ոստիկանությունն արդյունավետ քննություն չի իրականացրել եւ որեւէ հանցագործ այս գործերով հայտնաբերված չէ՝ չնայած այն հանգամանքին, որ բոլոր հանցագործությունները տեղի են ունեցել Երեւան քաղաքի կենտրոնում եւ, ըստ որոշ տուժած ակտիվիստների, տարածում տեղակայված են եղել տեսախցիկներ: Ոստիկանության անգործությունը նպաստում է հասարակության` ոստիկանության նկատմամբ անվստահության խորացմանը եւ նման հանցագործությունների տարածմանը:
«Բռնությունների այս ալիքը պայմանավորված է իշխանությունների կողմից հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քաղաքակիրթ երկխոսության բացակայությամբ: Փաստացի, այդ խնդիրների լուծման հարթակը դառնում է փողոցը, իսկ լուծման եղանակը` կողմերի առճակատումը եւ դրան հետեւող բռնությունը: Այս գործընթացում էլ ոստիկանությունը դառնում է ապօրինի գործողություններ իրականացնող անձանց շահերի պաշտպանության գործիք»,– ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:
Այս դեպքերի հետ կապված ոստիկանության ոչ լիարժեք գործողությունները ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած՝ «Դեպի ապահով Հայաստան» քաղաքականության միանգամայն հակառակ դրսեւորումն են: Այս իրավիճակը գնահատում ենք որպես ճնշում եւ սպառնալիք` ուղղված արտահայտվելու եւ հավաքների ազատության իրավունքների իրացմանը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն պահանջում է ՀՀ իշխանություններից`
• հրապարակայնորեն քննադատել բռնությունների շղթան,
• հասարակական կարեւորություն ունեցող հարցերի վերաբերյալ ապահովել իշխանությունների եւ հասարակության միջեւ գործնական երկխոսություն` բացառելով կամայական որոշումների կայացումը եւ իրականացումը:
ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք`
• հասարակությանը ներկայացնել բացատրություններ, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ապահովելու հասարակական վայրերում ՀՀ քաղաքացիների անվտանգությունը,
• հրապարակայնորեն ներկայացնել, թե ինչ գործողություններ են կատարվել հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու հանցագործներին,
• իրականացնել արագ եւ արդյունավետ քննություն այս արատավոր պրակտիկան կանխելու համար»:





























