Մաքսային միությանն անդամակցելու մասով մինչեւ 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Արդարադատության նախարարություն կատարած իր այցի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նախ ծանոթացել է աշխատանքային պայմաններին, այցելել քաղաքացիների ընդունելության սրահ, զրուցել աշխատակիցների հետ, ապա նիստերի դահլիճում հանդիպում ունեցել նախարարության ավելի քան երեք հարյուր աշխատակիցների հետ:

ՀՀ նախարարություններ եւ գերատեսչություններ Հանրապետության Նախագահի այցերի շրջանակում այս նախարարություն այցի ժամանակ եւս նախարարը եւ նրա տեղակալները զեկուցել են 2010-2013թթ. ընթացքում իրականացված բարեփոխումների, արձանագրված առաջընթացի, զարգացումների, առկա խնդիրների եւ դրանց լուծման հնարավորությունների մասին:

Նախագահը հարցեր է ուղղել զեկույցների հեղինակներին, ապա պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին: Նախարարությունում աշխատանքային պայմանների բարելավման, աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան, Սերժ Սարգսյանը նշել է, որ հասկանալիորեն Արդարադատության նախարարությունում աշխատում են լավ իրավաբաններ, ովքեր կարող են նաեւ հեշտությամբ աշխատանք գտնել մասնավոր հատվածում: Ընդգծելով, որ արդեն բավականին մանրամասն խոսել է 2014 թվականի հունվարի մեկից սկսած բյուջետային աշխատավարձերի անընդհատ ավելացման պետական քաղաքականության մասին, նախագահը շեշտել է, որ երեք տարվա կտրվածքով բավականին էական ավելացումների մասին է խոսքը: Նա վստահություն է հայտնել, որ այս քաղաքականությամբ, ինչպես նաեւ պետծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս բոլոր ծրագրերի փաթեթով, արդարադատության նախարարության համակարգում աշխատանքը շատ արագ մրցունակ է դառնալու մասնավոր հատվածի համեմատ:

Սերժ Սարգսյանը պատասխանել է բազմաթիվ այլ հարցերի, որոնք վերաբերել են ինչպես արդարադատության ոլորտին, այնպես էլ ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, առանձին ոլորտների՝ կրթության, տրանսպորտի, սոցիալ-տնտեսական խնդիրներին, պետական կառավարման գործընթացների թափանցիկությանը, մեր երկրի մարտահրավերներին, դրանց դիմակայելու հնարավորություններին եւ ուղիներին, տարածաշրջանային զարգացումներին: Նախագահը հանգամանալից խոսել է նաեւ Հայաստանում բարեփոխումների շարունակականության ռազմավարության մասին, անդրադարձել Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ընթացակարգային խնդիրներին:

Հանդիպման ավարտին նախագահը կոչ է արել բոլորին ավելի ակտիվ աշխատել. «Մենք մտել ենք մի փուլ, երբ պետք է, իրոք, մեր ջանքերն ավելացնենք: Մի կողմից պետք է բարեփոխումները շարունակենք՝ հասցնենք տրամաբանական ավարտին, մյուս կողմից էլ պետք է կարողանանք նոր գործընթացը, որն սկսել ենք կապված Մաքսային միության հետ, առաջ տանել. մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու՝ մինչեւ 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով: Իսկ այդ փաստաթղթերի պատրաստման հիմնական բեռը եւ բազմաթիվ այլ խնդիրներ ձեզ վրա է լինելու: Այսինքն՝ մենք հիմա պետք է մեր աշխատաժամանակն էլ երկարացնենք, աշխատանքի արդյունավետությունն էլ բարձրացնենք»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հաջողություններ մաղթել նախարարության աշխատակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով մշտապես լսել նախարարությունում աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված նրանց բոլոր առաջարկությունները, նորամուծություններն ու գաղափարները:

Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա եւ բարեխիղճ աշխատանքի համար «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Գրիգորյանին եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Կարեն Խտրյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով: