Երեւանի Սիրահարների այգում, սեպտեմբերի 5-ին, տեղի է ունեցել ՊրոԿրեդիտ Բանկի «Պատրաստված է Հայաստանում» լուսանկարների մրցույթի մրցանակաբաշխությունը: Հայտնի են դարձել 13 հաղթողները, որոնցից 12-ը ստացել են դրամական մրցանակներով քարտեր, իսկ գլխավոր մրցանակակիրը` ուղեգիր 2 հոգու համար դեպի Գերմանիա: Ժյուրին, որը կազմված էր ՊրոԿրեդիտ Բանկ Հայաստանի եւ ՊրոԿրեդիտ Հոլդինգի ղեկավար ներկայացուցիչներից, հաղթող լուսանկարները ընտրել էր ավելի քան 1000 լուսանկարներից, որոնք ստացվել էին շուրջ 350 մասնակցից:
Մրցույթի նպատակն էր հնարավորություն տալ պրոֆեսիոնալ եւ սիրողական լուսանկարիչներին ներկայացնելու իրենց գործերը հանրությանը: Այդ նպատակով լավագույն նկարները 3 ամիս շարունակ ցուցադրվեցին ՊրոԿրեդտ Բանկի մասնաճյուղերում կազմակերպված ցուցահանդեսներում:
Գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն նշել է`«Շատ շնորհակալություն մրցույթի բոլոր մասնակիցներին: Հաղթող լուսանկարները տեղ կգտնեն ՊրոԿրեդիտ Բանկ Հայաստանի 2014 թ. օրացույցում, ինչը հիանալի հնարավորություն կտա ներկայացնելու Հայաստանի գեղեցկությունը, ինչպես նաեւ եւս մեկ անգամ շեշտելու հայ ժողովրդի տաղանդն ու ստեղծագործ միտքը»:
ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում բանկային եւ ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունն ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաեւ հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը:
Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը ՊրոԿրեդիտ խմբի մի մասն է կազմում, որը բաղկացած է Գերմանիայում, Արեւելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում եւ Աֆրիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»-ի (ProCredit Holding) կողմից:
Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներն են.
«ՊրոԿրեդիտ Հոլդինգ» (ProCredit Holding) – 72.67% բաժնեմասով,
«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 14.45% բաժնեմասով,
«Զարգացման Բանկ» (KfW) – 12.88% բաժնեմասով։




























