Միջազգային հանրությունը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ Սիրիայում ուժային սցենարը կանխելու համար: Այս մասին սեպտեմբերի 6-ին՝ G20-ի գործընկերների հետ գործնական լանչի ավարտին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Ըստ նրա՝ ավելի շատ երկրներ են հասկանում ուժային միջամտության վնասակարությունը: «Ըստ իս՝ շատ պատասխանատու պետությունների մոտ ձեւավորվում է պարզ գիտակցում, որ ՄԱԿ-ի ԱԽ-ին շրջանցելով ուժ կիրառելը, ըստ էության, խաչ կքաշի քաղաքական կարգավորման բոլոր ջանքերի եւ միջազգային կոնֆերանսների գումարման վրա», - ասել է Լավրովը:
«Մեր ընդհանուր եզրակացությունն այն է, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ՝ թույլ չտալու համար, որ ուժային սցենարը խեղդի քաղաքականը», - ընդգծել է նախարարը: Նա հավելել է, որ «դրա համար դեռ ժամանակ կա»:
Խոսելով այն մասին, որ ԱՄՆ-ն չի ձգտում Սիրիայում կառավարական ուժերի կողմից իբր քիմիական զենք կիրառելու վերաբերյալ համոզիչ ապացույց ներկայացնել, Լավրովն ընդգծել է, որ նման իրավիճակում Ռուսաստանը «կգործի Ռոնալդ Ռեյգանի սիրած ասացվածքի համաձայն՝ վստահիր, բայց ստուգիր», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























