Վրաստանի հայկական թատրոնը ունի հայ հանդիսականի պակաս եւ դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ հանդիսատեսների եւ դերասանների մեծ մասը եկել է Հայաստան կամ մեկնել մեկ այլ երկիր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի տնօրեն Ֆելիքս Խաչատրյանը։

Հանդիսատեսի պակասը զգացվում է ոչ միայն Թբիլիսիում, այլ նաեւ Ջավախքում։ Թատրոնը Ջավախքում շատ հյուրախաղեր է ունենում, բայց ինչպես թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն է ասում, տեղացիները կարծես այնքան էլ սեր չունեն թատրոնի նկատմամբ։ Թատրոնի ղեկավարն այն կարծիքին է, որ Ջավախքում պետք է զարգացնել մշակույթը։ «Մենք կուզենայինք, որ դահլիճները լինեն լեփ լեցուն»,-հավելեց նա։

Գնահատելով Ջավախքի քաղաքատնտեսական վիճակը Բայանդուրյանը, ով նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է, ասաց, որ դեպի լավը փոփոխություններ շատ կան։

Հանդիպմանը քննարկվեց Թբիլիսիի հայկական թատրոնի դերասաններին Հայաստանի Հանրապետության վաստակավոր կամ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու հարցը։ Արմեն Բայանդուրյանն ասում է, որ Վրաստանը չունի նման կոչումներ, իսկ մեր օրենքը չի արգելում դրսում գտնվող հայկական թատրոնի դերասաններին շնորհել կոչումներ։ Գեղարվեստական ղեկավարը համոզված է, որ այդ հարցի լուծումը թատրոնի գործունեությանը նոր թափ կհաղորդի։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը հուլիսի 26-31-ը հյուրախաղերով Երեւանում է։ Խաղացանկում կա 5 ներկայացում՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա», Սայաթ -Նովա «Աշխարհումըս դուն իս» , Ռ. Կունիի «Փախիր կնոջիցդ», Գ. Խանջյանի «Ավերակների պահակներ», Հ. Պարոնյանի «Պաղտասար ախպար»: