Երեւանի կոնյակի գործարանը սեպտեմբերի 9-ից կսկսի խաղողի մթերումը Արարատի մարզի Այգավանի մասնաճյուղից: Այդ մասին տեղեկացնում է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 դրամ` Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 135 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար (նախորդ տարվա 140 եւ 130 դրամի փոխարեն): Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
Նախատեսվում է մթերել 35 000 տ խաղող, ինչը շուրջ 10 000 տ-ով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը:
Ընկերության հետ համագործակցող եւ ապառիկ եղանակով բուժանյութեր ստացած այն խաղողագործների պարտքերը, ում բերքը ս.թ. մայիսի 12-ին տեղացած կարկտահարության հետեւանքով ամբողջությամբ վնասվել է, 100%-ով կզրոյացվեն: Նախնական հաշվարկով` Արմավիրի մարզում ԵԿԳ-ն կզիջի առավել քան 340 խաղողագործի պարտք, ինչը կազմում է մոտ 54 միլիոն դրամ:





























