Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որտեղ խորհուրդը հաստատել է հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի կազմը:
Խորհրդի կազմում ընդգրկվել են.
Շարիստան Մելքոնյան - Հայաստանի ամերիկյան համալսարանի հավատարմագրման բաժնի տնօրեն,
Նելիի Հովհաննիսյան - Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դասախոս, կենսաբան, գիտաշխատող,
Աշոտ Սաղյան- ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս,
Սամվել Ավետիսյան- Հայաստանի տնտեսագիտական համալսարանի հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Վարդան Ուռուտյան- Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր
Սամվել Շուքուրյան - ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ-ի մշտական անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Յուրի Սարգսյան- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր,
Սահականույշ Սարգսյան - Բոլոնիայի քարտուղարություն
Հայկ Քոթանջյան – Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
Սուսաննա Կարախանյան - Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր:
Խորհրդի որոշմամբ՝ հավատարմագրման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուսաննա Կարախանյանը:
Շնորհակալություն հայտնելով ներկաներին հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար՝ վարչապետ Սարգսյանն անդրադարձել է մեր երկրում բուհերի հավատարմագրման աշխատանքներին: «Սա չափազանց պատասխանատու մի գործընթաց է, որը մենք սկսել ենք տարիներ առաջ եւ պարտավոր ենք հասցնել իր տրամաբանական ավարտին: Դա կլինի այն ժամանակ, երբ հանձնաժողովը կսկսի աշխատել եւ հավատարմագրել Հայաստանի Հանրապետության բուհերին: Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի հանձնաժողովի հեղինակությունը լինի բարձր, որովհետեւ սա պետք է լինի մի անաչառ մարմին, որը կկարողանա մեր բուհերին գնահատել օբյեկտիվորեն: Մենք գիտենք, որ դեռեւս կան բավականին լուրջ խնդիրներ, բուհերի մեծ մասը դեռեւս պատրաստ չէ հավատարմագրման չափանիշներին, սակայն պետք է այնպես անենք, որպեսզի ցնցումներ չլինեն: Միեւնույն ժամանակ, բուհերը պետք է հասկանան, որ սա բավականին խստապահանջ հանձնաժողով է, ուստի բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է իրականացնեն լրջագույն բարեփոխումներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Խորհուրդը համապատասխան առաջարկությունների ընդունմամբ քննարկել եւ հաստատել է պետական հավատարմագրման կարգի փոփոխությունների եւ լրացումների նախագիծը: Հաստատվել է նաեւ հիմնադրամի կանոնադրության փոփոխությունների եւ լրացումների նախագիծը:

































