Երբ ադրբեջանցիներն են վերացնում մեր հուշարձանները, մենք դա բարբարոսություն ենք անվանում, բայց ինքներս ենք վերացնում մեր հուշարձանները: Այս մասին ՀՀ դատախազության շենքի առջեւ հայտարարեց Նախախորհրդարան նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանը այսօր՝ սեպտեմբերի 6-ին «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած, բողոքի ակցիայի ժամանակ:

«Դատախազությունը, չլինելով մասնագետ, որոշում կայացրեց մշակույթի նախարարության դեմ: Մենք ականատես եղանք, ինչպես Նախիջևանում մեր հարևանը վերացրեց հայկական հուժարձանների բոլոր հետքերը, և Հայաստանը բազմիցս բողոքել է նման բարբարոսության դեմ: Երկու օր առաջ ականատես եղանք հերթական բարբարոսությանը, երբ ոստիկանությունը բարձրաստիճան ոստիկանների շուրթերով հայտարարում էր, որ հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանը մի բազար է, որտեղ առևտուր են արել ադրբեջանցիները: Ադրբեջանական լրատվամիջոցները այդ դեպքերը ներկայացնում են որպես իրական ապացույց բարբարոսների»,- ասաց Չուգասզյանը:

«Ծածկած շուկայում» շինարարությունը դադարեցնելու պահանջով երթը սկսվել է Մշակույթի նախարարության մոտից դեպի դատախազություն, ապա՝ քաղաքապետարան: Քաղաքապետարանի մոտ ցուցարարբներին մոտեցել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, եւ պահանջել, որ ցուցարարները բարձրախոս չօգտագործեն, քանի որ երթը արտոնված չէ եւ նրանք խոչընդոտում են քաղաքապետարանի աշխատանքը, թեեւ արդեն ժամը 19-ի մոտ էր եւ քաղաքապետարանում աշխատանքային օրն ավարտվել էր:

Վալերի Օսիպյանը ոստիկանական հատուկ ջոկատ է հրավիրել, մի քանի րոպեով ցուցարարների ճանապարհը փակել են, ապա թույլ են տվել շարունակել երթը դեպի «Ծածկած շուկա» ոստիկանների ուղեկցությամբ: Շուկայի մոտ ակտիվիստներին դիմավորել են գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները: Ցուցարարները կանգնել են դիմացի մայթին, բարձրախոսով ելույթներ են ունենում, բայց առայժմ չեն մոտենում շուկային: 

Ցուցարարները պահանջում են դադարեցնել շուկայի ներսում կատարվող շինարարությունը եւ ոստիկաններից պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը: «Ժամանակին «Ծածկած շուկայի» ճարտարապետության մասին գրում էին դասագրքերում»,- հիշեցրել է ճարտաապետ Սաշուր Քալաշյանը՝ ընդգծելով, որ հիմա այլեւս հնարավորություն չկա ուսանողներին ցույց տալ մեր ճարտարապետական կոթողը:   

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am