Երեւանի բնակիչ 20-ամյա Գ. Մ.-ն սիրած տղայի պատճառով փախել է տնից, սակայն ընկերը երես է թեքել նրանից, որից հետո աղջիկը հայտնվելով փողոցում, 5 օրում ինքնասպանության 2 փորձ է արել: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  թիվ 1 տուն ինտերնատի անօթեւանների բաժնի պետ Հայկ Պողոսյանը:

Նա պատմեց, որ սեպտեմբերի 4-ին առավոտյան 20-ամյա Գ. Մ.-ն մոտեցել  է իրենց եւ ասել, որ տնից հեռացել է եւ գիշերելու տեղ չունի: Հայկ Պողոսյանը հոգեբանի հետ 2 ժամ նրա հետ զրուցելուց հետո պարզել է, որ աղջիկը հայր չունի, մայրը փոքրուց 3 երեխաներին լքել հեռացել է ու նրանց խնամքով զբաղվում է տատիկը:

Աղջիկն ինտերնատի աշխատակիցներին նաեւ պատմել է, որ  4 տարի ընկերություն է արել մի տղայի հետ: Անգամ տղայի ծնողներն են գնացել իրենց տուն եւ ծանոթացել տատիկի ու քույրերի հետ, սակայն նրանց գնալուց հետո տատն ասել է, որ այդ ընտանիքի հետ պետք է կապը խզի, որն էլ պատճառ է դարձել, որ տնից հեռանա:

«Այնուհետեւ զանգել է տղային եւ պատմելով իրողությունը, ասել, որ հայտնվել է դրսում, ինչից հետո տղան ասել է, թե նա իրեն պետք չէ եւ  ուր ուզում է թող գնա: Մերժված լինելու հանգամանքից աղջիկը փորձել է երակները կտրել: Հետքերը ձեռքի վրա կային: Այդ պահին ոստիկանական ծառայությունը նկատել է նրան, տարել են բաժին եւ դատաբժշկական փորձաքննություն նշանակել: Բայց մի քանի օր հետո էլ փորձել է Երեւանյան լճի կամրջից նետվել. մի տղա է օգնության հասել, հետը զրուցել եւ տարել տատիկի տուն: Սակայն կրկին վիճել են եւ նա եկել է տուն-ինտերնատ»,- ասաց Հայկ Պողոսյանը:

Դրանից հետո թիվ  1 տուն ինտերնատի անօթեւանների բաժնի պետը զանգահարել է կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներին, որպեսզի աղջկա կացարանի հարցը լուծի, քանի որ կարծում է՝ երիտասարդ աղջիկը դժվար կինտեգրվեր կացարանի տարեց բնակիչների հետ:

Հարկ է նկատել, որ աղջիկը նույնիսկ անձնագիր չի ունեցել եւ այդ հարցով կացարանն է սկսել զբաղվել: Հայկ Պողոսյանը պատմեց, որ  իրավապահները եւ ՀԿ-ի աշխատակիցները պարզել են, որ նա հաճախակի է տնից հեռացել: «Տատիկի հետ էլ են կապ հաստատել, ով  ասել է, որ չի կոպտել նրա, ավելին՝ միայնակ թոշակառու լինելով 3 թոռ է մեծացրել, այնինչ նա չի գնահատել եւ կապվել է առաջին պատահածի հետ»,- նշեց Հայկ Պողոսյանը եւ ավելացրեց, որ այս պահին իրավապահները եւ ՀԿ-ները զբաղվում են այս խնդրով եւ առաջիկայում նրան կտեղավորեն որեւէ կենտրոնում: