Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Արման Մուրադյանի մահը վրա է հասել, ոչ թե ինքնասպանության, այլ կանխամտածված սպանության արդյունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 20-ամյա Արման Մուրադյանի հայրը` Հովսեփ Մուրադյանը: Ավելին` զինծառայողի հայրը պնդում է, որ իր որդու սպանության մեջ մեղադրվող նույն զորամասի գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 41-ամյա Էմիլ Ավետիսյանի թիկունքում էլի մարդիկ կան կանգնած:

«Բոլոր փաստերն ունենք, որ դա դավադիր սպանություն է: Չի բացառվում, որ առաջադրված մեղադրանքը կրկին փոփոխության ենթարկվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Երկու օր առաջ եմ դատաբժշկի հետ զրուցել նա չէր կարողանում իմ հարցերին պատասխանել, որովհետեւ իր պրակտիկայի մեջ, երեւի, առաջին դեպքն է, որ չի կարող ասել, որ դա ինքնասպանություն է»,- ավելացրեց սպանվածի հայրը:

Արմանի հայրը նշեց, որ որդու «դավադիր սպանությունն» ուղղված է եղել զորամասի հրամանատարին աշխատանքից ազատելու դեմ: «Իմ տղան, քանի որ հոսպիտալում պառկած է եղել, իրենց համար ինքնասպանության գործողի թիրախ է եղել»,- ասաց Հովսեփ Մուրադյանը եւ ավելացրեց, որ գործը հասցնելու է մինչեւ Եվրադատարան եւ հասնելու է նրան, որ բոլոր իրական մեղավորները պատժվեն: Իսկ մինչեւ դատական գործընթացը չավարտվի արտագնա աշխատանքի էլ չի մեկնելու:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 20-ամյա Արման Մուրադյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 41-ամյա Էմիլ Զավենի Ավետիսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը եւ ավելացրել, որ նա օգոստոսի 5-ին կալանավորվել է: Նրա դեմ մեղադրանքը առաջադրվել է 358.1. պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց նկատմամբ: Ինչը ենթադրում է, որ գործով կան այլ տուժողներ: NEWS.am-ի տեղեկություններով նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ 358   պրիմ հոդվածի 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը: Մեղադրանք է առաջադրվել նաեւ 375 հոդվածի 1-ին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը: Հիշեցնենք,  որ Արման Մուրադյանը 3 ամիս հետո պետք է տուն վերադառնար: Գյուղապետը պատմել էր, որ տղայի հայրը գյուղի իրենց տունն ու հողերը վաճառելուց հետո մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, իսկ մայրը կրտսեր որդու հետ ապրում է Էջմիածնում՝ հարազատների տանը: «Մեր աչքի դեմը մեծացած երեխա էր, շատ խելոք, շնորհքով ընտանիք են: Մի անգամ էլ դեպք եղավ, երբ ծառայությունից փախավ, էլի հետ տարանք: Ծառայության հետ չէր հարմարվում: Սերժանտ էլ է եղել, թե ինչի պետք է այդպիսի քայլի գնար, չեմ հասկանում»,-ասել է գյուղապետը: Հիշեցնենք նաեւ, որ  Արցախում հուլիսի 30-ին հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնել էին, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Դեպքից երկու օր անց հարազատները դեռ տղայի մորը չէին կարողանում ասել  կատարվածի մասին: Իսկ հայրը Ռուսաստանից վերադառնալու ճանապարհին է տեղեկացել, թե իրականում ինչի համար են իրան շտապ կանչել Հայաստան: Սպանվածի հայրը ասել էր նաեւ, որ իր տղայի սպանությունից առաջ նույն զորամասում սպանվել է եւս երկու զինծառայող: