Հայկական պատվիրակությունը սեպտեմբերի 4-ին Յաշար Քեմալին պարգեւատրել է Գրիգոր Նարեկացի հուշամեդալով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատվիրակության անդամ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը: Իսկ մրցանակը հանձնել է Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սեյրանուհի Գեղամյանը:

Արագած Ախոյանի խոսքով՝ այդ հուշամեդալով պարգեւատրվում են հայ ազգի, հայ մշակույթի հանդեպ ուշադրություն ցուցաբերած անձիք: « Յաշար Քեմալը պարգեւատրվեց կոնկրետ Աղթամար եկեղեցու փրկության գործում ունեցած իր ներդրման համար, որի համար, որպես Թուրքիայի քաղաքացի, անգամ բանտ է նստել»,- ավելացրեց Արագած Ախոյանը: 

Նա նշեց, որ շատ ջերմ ընդունելության  են արժանացել, սակայն թուրքական կողմը նախապես պայման է դրել, որ մեկ հեռուստաընկերություն լուսաբանի: «Միջոցառումը շատ բովանդակալից էր` Վանի քաղաքապետն էր  հրավիրված, Դիարբեքիրի Սուրի քաղաքի քաղաքապետը, Հյուսիսային Քուրդստանի Դոքի քաղաքապետը, Սրբազան հայր Ատեշյանը եւ բազմաթիվ գրողներ ու հրապարակախոսներ»,- պատմեց Արագած Ախոյանը:

Միջոցառմանը ելույթներ են ունեցել Արագած Ախոյանը, Սեյրանուհի Գեղամյանը, Վանի եւ Սուրի  քաղաքի քաղաքապետները: Իսկ երեկոյան «Անատոլի կոնտուր» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է երկու երկրների մշակութային երկխոսության կազմակերպմամբ, երեկո է կազմակերպել, որն ուղեկցվել է նաեւ դուդուկի երաժշտությամբ:

«Այս քայլով մենք ցույց տվեցինք, որ տեր ենք մեր պատմամշակութային արժեքներին եւ ով որ հատուկ վերաբերմունք է ցուցաբերել մեր մշակութային արժեքների, ժառանգության պահպանմանը,  անպայման հարգելու, պատվելու  ենք: Մենք տանտիրոջ իրավունքով, այս քայլով շնորհակալություն հայտնեցինք նրանց: Թուրքիայում քիչ չեն մարդիկ ովքեր մտածում են մեզ պես եւ հասկանում, գիտակցում են անցյալ դարի մեղքերը»,- ավելացրեց Արագած Ախոյանը: