Ռուսաստանում ատոմային սուզանավից «Բուլավա» հրթիռի անհաջող մեկնարկ է իրականացվել: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է դադարեցնել «Ալեքսանդր Նեւսկի» եւ «Վլադիմիր Մոնոմախ» պետական ատոմային սուզանավերի փորձարկումները` անհաջող մեկնարկի պատճառով: 

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում հայտնել են, որ «Բուլավա» հրթիռի անհաջող մեկնարկը   «Ալեքսանդր Նեւսկուց» տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին` Սպիտակ ծովի ավազանում: Կամչատկայի զորավարժարանում թիրախը ոչնչացնելու համար արձակված հրթիռը հաջողությամբ մեկնարկել է, սակայն թռիչքի երկրորդ րոպեին դրա համակարգի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Բացի «Ալեքսանդր Նեւսկի» եւ «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավերի աշխատանքը դադարեցնելուց, Շոյգուն վճռել է «Բուլավայի» եւս հինգ լրացուցիչ գործնական մեկնարկ իրականացնել:

«Ալեքսանդր Նեւսկին» եւ «Վլադիմիր Մոնոմախը» 955 «Բորեյ» նախագծի առաջին սերիական ռազմավարական սուզանավերն են:

Դրանք պետք է ռուսական նավատորմին հանձնվեն 2013թ. վերջում:  «Բուլավա» նոր հրթիռային համակարգը  սուզանավի հիմնական սպառազինումն է: «Բուլավայի»  փորձարկումները լուրջ խոչընդոտներով են ուղեկցվել: Առաջին 13 փորձնական մեկնարկների գրեթե կեսն անհաջող է անցել: