Հեռախոսային ահաբեկիչն ընդհատել է Քութայիսում Վրաստանի խորհրդարանի նիստը։ Խորհրդարանում սեպտեմբերի 6-ի երեկոյան տարհանում է սկսվել՝ շենքում գտնվող ռումբի մասին իրազեկող անանուն հեռախոսազանգի պատճառով։
«Կրկին հաղորդում է ստացվել, որ խորհրդարանի շենքում ռումբ կա, եւ անվտանգության միջոցառումներին համապատասխան գործողություններ են սկսվել», - հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում։
Հեռուստաալիքի տվյալով, անանուն հեռախոսազանգը ստացվել է ժամը տասի սահմաններում, երբ խորհրդարանում լիագումար նիստն էր ընթանում։ Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին ստիպված էր եղել ընդհատել այն եւ պատգամավորներին շենքը լքելու կոչ արել։
Խորհրդարանի շենքում վերջին անգամ ռումբ որոնել էին հուլիսի վերջին, կեղծ ահազանգի համար ձերբակալվել էր Քութայիսի 71-ամյա բնակիչը։




























