Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանին դատարանը կալանավորեց երկու ամիս ժամկետով, նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան որդին` Հարություն Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ հորը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը, այն պատժվում է ազատազրկմամբ`  3-7 տարի ժամկետով:

Հարություն Հարությունյանը նշեց, որ իրենց տան խուզարկության արդյունքում որեւէ բան չի հայտնաբերվել, նա առաջադրված մեղադրանքը համարում է  անհիմն: Դեռ չեն որոշել` բողոքարկելու են կալանքի որոշումը, թե միջնորդություն են ներկայացնելու կալանքը գրավով փոխարինելու մասին: «Ինչի իմ հայրիկին, այդ հարցը ես էլ չեմ կարողանում պատասխանել, վարկած ունեմ, բայց չեմ ցանկանա առայժմ բարձրաձայնել: Ես վստահ եմ, որ հայրս թշնամիներ չունի, ճիշտ է, այդպիսի մարդ չկա, որ թշնամիներ չունենա, բայց վստահ եմ, որ ինքը չունի»,- ասաց որդին: Հարություն Հարությունյանն ասաց, որ հայրը թմրադեղերի հետ առնչություն չի ունեցել, ընդամենը որպես հիմնարկի տնօրեն` ինքն է բաշխել հիմնարկին տրամադրված հոգեմետ միջոցները:

Շատ մանրամասներ գործի վերաբերյալ փաստաբանը չհայտնեց` խոստանալով դրանք հայտնել առաջիկայում: Նա տեղեկացրեց, որ այս գործի շրջանակներում ավելի վաղ ձերբակալել էին իրենց հարազատներից մեկին, ում ազատ են արձակել:

Հարություն Հարությունյանն նաեւ նշեց, որ հայրը 1986թ հիվանդանոցի ղեկավարն է, նա գինեկոլոգ-վիրաբույժ է, տարածաշրջանի ՀՀԿ փոխնախագահը:

Բաղրամյանի գյուղապետ Կայծակ Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Հարությունյանը երկու որդի ունի, ավագը` իր փաստաբանը, ամուսնացած է եւ երեխան ունի: «Շատ առաքինի, շատ պարկեշտ անձնավորություն, շատ համեստ ընտանիք: Սովորական, միջին ապրող ընտանիք է, ոչ մեկի գաղափարում չի տեղավորվում տեղի ունեցածը»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ «Չորրորդ ինքնիշխանությունը» թերթը գրել էր, որ սեպտեմբերի 4-ին թմրադեղեր վաճառելու կասկածանքով՝ ձերբակալվել Էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը։  «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանությունը թե՛ հիվանդանոցում, թե՛ նրա տանը խուզարկությունները իրականացնելիս եղել է շատ գգույշ, գործել գաղտնիության քողի տակ։