Երեւանում, սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից վնասազերծված բանդայի անդամ Արման Դալլաքյանը դատապարտյալների հիվանդանոցում սեպտեմբերի 6-ին, ժամը 20.42-ին մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով, վերջերս էլ դրսից պրոֆեսոր էին հրավիրել նրա աչքը վիրահատելու համար: «Ամենայն հավանականությամբ, այլ խնդիրներ էլ ուներ: Նշանակված դատաբժշկական փորձաքննությունից հետո նոր կպարզվի մահվան իրական պատճառը»,- ասաց Գոռ Ղլեչյանը եւ ավելացրեց, որ դիահերձարանից հետո դիակը կփոխանցվի հարազատներին:
Նշենք, որ Արման Դալլաքյանը հայտնի է «Կոլոտ Արման» մականունով: Ավելի վաղ Արման Դալլաքյանի հայրը` Ալբերտ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ինքը մինչեւ Եվրադատարան բողոքարկելու է, քանի որ իր որդին բանդայի անդամ չէ: «Ես չգիտեմ իրական բանդայի անդամներին են բռնել, թե` ոչ, բայց իմ տղան անմեղ է: Նրան արդեն Սովետաշենի հոսպիտալից դուրս են գրել եւ տարել «Նուբարաշեն» ՔԿՀ: Նույնիսկ չթողեցին, ստացիոնար բուժում անցնի: Անմեղ մարդկանց ձերբակալելով փորձում են ղեկավարությանը ցույց տալ, թե գործ են կատարում: Բայց ի՞նչ իրավունք ունեն անմեղ մարդուն ձերբակալեն եւ այնքան ճնշեն, որ մեղքն իր վրա վերցնի: Մինչ Եվրադատարան պետք է բողոքեմ, որ տղայիս անմեղությունն ապացուցեմ»,- ավելացրել էր Ալբերտ Դալլաքյանը:
Վերջինս նաեւ հիշեցրել էր, որ իր որդին` Արմանը կալանավորվելուց հետո ինքնասպանության փորձ է արել: Մինչ այդ, ըստ նրա, մի քանի հոգով հարձակվել էին վրան, ծեծել, կողոսկրերը ջարդել, ինչի արդյունքում հաստ աղիքն ու թոքը ծակվել էին: Արմանը ուներ 3 անչափահաս երեխա, մայրը մանկավարժ է, իսկ ինքը խոհարար էր:
NEWS.am-ը նաեւ տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:




























