«Քրեյզի» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք սարքողը` Արմեն Գրիգորյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արտահաստիքային աշխատակից է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիշարլյանը:

Նա նշեց, որ Արմեն Գրիգորյանը որպես փորձագետ աշխատում է ՄԻՊ-ում: Մամուլի քրատուղարն ասաց, որ միջադեպի հետ կապված որեւէ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ հնարավոր չի եղել Արմեն Գրիգորյանից որեւէ բան ճշտել, նրա հեռախոսահամարն կամ անհասանելի է, կամ չի պատասխանում հեռախոսազանգերին:

ՄԻՊ մամուլի խոսնակի փոխանցմամբ` Արմեն Գրիգորյանը երիտասարդ է, ամուսնացած չէ:

Նշենք, որ «Հրապարակը» գրել է, թե նախօրեին գիշերը «Քրեյզի» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք է եղել հաճախորդներից մեկի ու աշխատակիցների միջեւ: Հաճախորդը հարբել է, ինքնատիրապետումը կորցրել, վիճել աշխատակիցների հետ, ապա փորձել հեռանալ` առանց հաշիվը փակելու: Քաշքշուկ է սկսվել նրանց միջեւ, որը վերածվել է «դեբոշի», եւ ստիպված է  եղել միջամտել ակումբի տերը:

Սակայն այս թեժ սկանդալի մեջ ուշագրավն այն է, որ, ըստ ականատեսների, հաճախորդը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից է եղել` իրավաբան Արմեն Գրիգորյանը: