Մոսկվայի «Ցարիցինո» մետրոյի հարեւանությամբ, այսօր՝ սեպտեմբերի 7-ին առավոտյան, ժամը 06:30-ի սահմաններում, շաուրմայի վաճառակետ է պայթել: Ոստիկանության քննիչները կասկածում են, որ Մոսկվայի հարավում գազի  բալոնը կարող էր պայթել ինչ-որ մեկի մեղքով: Երեք տուժածները գտնվում են ծանր վիճակում:

Ոստիկանությունն հայտնել է, որ վաճառակետում պայթյունի հետեւանքով երեք մարդ է տուժել: Ստուգված տվյալներով վիրավորվել են արագ սնման կետի հաճախորդն ու երկու վաճառողները: Ինչպես հաղորդում է Life News-ը, տուժած գնորդը՝ 26-ամյա Դենիս Ելիսեեվը, սրունքի բաց կոտրվածքով տեղափոխվել է 7-րդ քաղաքային կլինիկակական հիվանդանոց, իսկ 22-ամյա վաճառող Ազիզա Կուրբանովային՝ 1-ին քաղաքային կլինիկակական հիվանդանոց:

«Վիրավորները 26-ամյա եւ 22-ամյա տղամարդիկ են: Տուժածները ոտքի կոտրվածքներ ունեն, գլխուղեղային փակ կոտրվածքներ, վերքեր, այրվածքներ»,- «Ինտերֆաքսին» հաղորդել է բժշկական շրջանակներում առկա աղբյուրը:

Ոստիկանները ենթադրում են, որ գազի բալոնի պայթյունը կարող էր դիտավորյալ լինել: Դեպքի վայրում աշխատում են քննիչներ, փորձագետներ ու պայթուցիկ սարքավորումների մասնագետներ, հաղորդում  է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Օպերատիվ աշխատակիցները հարցաքննում են վաճառակետի աշխատողներին ու պարզում առեւտրական հողի վրա հնարավոր կոնֆլիկտների առկայությունը: