Հայաստանում օգոստոսին գնաճը կազմել է 9,3%, որը վերջին 2 տարում գրանցված ամենաբարձր գնաճային ցուցանիշն է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Սամվել Ավագյանը: Վերջին անգամ գնաճի ավելի բարձր տեմպ գրանցվել է 2011 թ. մարտին՝ 11,5%:
Գնաճին այս տարի ամենաշատը նպաստել են 3 ապրանքային խմբեր՝ միրգ (գնաճը 25% է), բանջարեղեն ու կարտոֆիլ (32%) եւ բնակարանային կոմունալ ծառայություններ (19,1%): Թանկացումներ կան նաեւ բազմաթիվ այլ ապրանքային խմբերում՝ հացամթերք, կաթնամթերք, դեղորայք, մսամթերք: Տնտեսագետը նշեց, որ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս գյուղատնտեսության 4,7% աճ (ընդ որում՝ բուսաբուծության աճն ավելի բարձր է), սակայն այդ պարագայում մրգերի ու բանջարեղենի նման բարձր երկնիշ գնաճն արդարացված չէ: «Այստեղ առկա են վիճակագրական հակասություններ»,- ասաց Ս. Ավագյանը:





























