Մարտի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները ԱՄՆ պետական դեպարտամենտի փոխխոսնակի պաշտոնակատար Գորդոն Դուգուիդից հետաքրքրվել են, թե արդյո՞ք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 252 բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ չմտցնելու հարցով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ու Կոնգրեսի ղեկավարության միջեւ գործարք կնքվել է:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, Դուգուիդը այս առնչությամբ սկզբում փորձել է խուսափել կոնկրետ պատասխանից, խոսելով նախորդ օրը փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի կողմից կատարված հայտարարության մասին ու կցկտուր տեղեկություններ հաղորդելով: Սակայն, երբ հիշեցվել է, որ հարցը ոչ թե Ֆիլիպ Գորդոնի հայտարարության մասին է, այլ՝ Կոնգրեսի ու պետդեպարտամենտի միջեւ հնարավոր գործարքի ու դրա շուրջ պտտվող խոսակցությունների, Գորդոն Դուգուիդն ասել է, որ իրեն այդ մասին ոչինչ չեն ասել։

Հիշեցնենք, որ այս հարցի շուրջ Վաշինգտոնում պտտվում են իրարամերժ խոսակցություններ։ Օրինակ ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնն ասել էր, թե Պետդեպարտամենտի եւ Կոնգրեսի դեմոկրատ ղեկավարության միջեւ պայմանավորվածություն չկա Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի առաջխաղացումը կասեցնելու հարցում: Նույն օրը, սակայն «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում կոնգրեսական Ջորջ Ռադանովիչն ասել էր, թե նման համաձայնություն կայացվել է։