Ամփոփվել են հուլիսի 10 -ից մեկնարկած Երեւանի քաղաքապետի գավաթի «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի արդյունքները, որի նախնական փուլին այս տարի ներգրավված էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների 295 թիմեր` 4389 մասնակիցներով:
Թվով 84 թիմերի 636 երեխաներ տարբեր մարզաձեւերից իրենց ուժերն են չափել նաեւ եզրափակիչ փուլերում: Մրցումները կազմակերպվել են 7 մարզաձեւերից` շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ եւ ֆուտբոլ: Առաջինից երրորդ տեղեր գրաված թիմերի ներկայացուցիչները պարգեւատրվել են դիպլոմներով ու մեդալներով, իսկ առաջին տեղ գրաված թիմերը՝ նաեւ գավաթներով:
Փառատոնին ընդհանուր հաշվարկով 57 միավորով երրորդ տեղն է զբաղեցրել Կենտրոն վարչական շրջանը, երկրորդ տեղում 60 միավորով հանգրվանել է Շենգավիթ վարչական շրջանը: 63 միավորով առաջին տեղը գրավել եւ Երեւանի քաղաքապետի փոխանցիկ գավաթին է արժանացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Հաղթող թիմին գավաթը հանձնել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով փառատոնի մասնակիցներին, հաղթող թիմերին, ծնողներին ու մարզիչներին, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ նման միջոցառումները կլինեն շարունակական, իսկ երեւանյան մարզադպրոցները, որոնցից շատերն արդեն հաճախում են փառատոնի մասնակից երեխաները, տարեցտարի կդառնան ավելի նորոգ ու բարեկարգ: Երեւանի քաղաքապետարանի կողմից անցկացվող մարզական միջոցառումների գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է:





























