NEWS.am-ի հարցազրույցը Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Ղուկաս Բունիաթյանի հետ.

Պարոն Բունիաթյան, վերջին շրջանում արձանագրվեց կաթնամթերքի գնի աճ, ինչո՞վ էր այն պայմանավորված, ի՞նչ գործոններ ազդեցին թանկացման վրա։

Նախ կցանկանայի նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում, ի տարբերություն սննդամթերքի գրեթե բոլոր մնացած տեսակների, կաթնամթերքի գները էական փոփոխության չեն ենթարկվել: Փոփոխություն տեղի ունեցավ միայն 2013թ. գարնանը, ինչի պատճառները ձեւավորվել են ոչ թե մեկ, այլ մի քանի տարիների ընթացքում: Բանն այն է, որ 2010թ.-ից սկսած՝ կաթնամթերքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները տարեցտարի թանկացել են, իսկ մեր կողմից արտադրվող պատրաստի կաթնամթերքի գները գրեթե անփոփոխ են մնացել: Օրինակ՝ 2009-2012թթ. մթերվող կաթի գինն աճել է շուրջ 40%-ով, կարագի գները 41,3%-ով, իսկ չոր կաթի գները 48%-ով, վառելիքի գներն աճել են՝ 50 տոկոսից ավել չափով:

Ունենալով ներքին ռեսուրսներ, այս երեք տարիների ընթացքում մենք փորձել ենք կաթնամթերքի գնաճը զսպել բացառապես սեփական միջոցների, վարկերի եւ մեր գործընկերներին կուտակած պարտքերի հաշվին: Շրջանառու միջոցների պակասը մենք փաստորեն լրացրել ենք վարկային միջոցների հաշվին, իսկ ներկայումս արտարժույթով վերցրած վարկերի դիմաց վճարումներն ու մարումները կատարում ենք շուրջ 30%-ով արժեզրկված դրամով, որի հետեւանքով վերցված վարկերը մեր վրա ավելի թանկ են նստում: Դոլար-դրամ հարաբերակցության վատթարացման հետեւանքով թանկանում են նաեւ արտաքին գործընկերներին կուտակած պարտքերը:

Որոշ կարծիքներ կան, որ թանկացման միտումը կպահպանվի նաեւ առաջիկայում, ինչքանով են դրանք հիմնավորված։

Գիտենք, որ ցանկացած ապրանքի գնագոյացման առաջին պայմանը նրա ինքնարժեքն է, որն ինչպես արդեն նշեցի, մի քանի տարվա ընթացքում բարձրացել է շուրջ 40%-ով: Բնական է, որ մայիսյան 5-10%-անոց գնաճը չի լուծում խնդիրը եւ միայն մասնակիորեն է փոխհատուցում կրած վնասները:

Այս տարի եւս հումքի գների թանկացումը շարունակվում է: Այս ամռանը նույնիսկ կաթի գնի սեզոնայնությունը չազդեց նրա գնի իջեցման վրա եւ հիմա, ամռան ամիսներին, մենք կաթը գնում ենք ձմռան ամիսներին բնորոշ գնով:  Օրինակ՝ այս տարվա հունիսին գործարանում կաթի ընդունման գինը եղել է 160 դրամ, իսկ անցյալ տարի այն կազմում էր 120-130 դրամ՝ մոտ 33%-ով ավելի:  Եթե այսպես շարունակվի, ապա ձմռանը կաթի գինը կլինի 200 դրամից ավելի:

Անցած տարվա համեմատ՝ 2013թ. առաջին կիսամյակում միջազգային շուկայում չոր կաթի գինը բարձրացել է  25,1%-ով, կարագի գինը 20%-ով, գազի գինը 18%-ով, իսկ էլեկտրաէներգիայինը` 26,7%-ով:

Մենք արդեն սպառել ենք մեր ներքին ռեսուրսները եւ այլեւս չենք կարող չարձագանքել հումքի գների թանկացմանը: Հաշվի առնելով մթերվող կաթի գնի այս ամռան բարձր մակարդակը, աշնան ու ձմռան ամիսներին նրա գնի սպասվելիք բարձրացումը, կարագի, գազի, էլեկտրաէներգիայի եւ մնացած բաղադրիչների գնաճը՝  աշնանն արդեն հնարավոր է կաթնամթերքի գնի 30-40%-ով բարձրացում:

Այնուամենայնիվ գյուղացիները ֆերմերները, դժգոհում են, որ կաթն իրենք շարունակում են էժան գնով հանձնել մթերողներին։ Ո՞րն է այս հանելուկի պատճառը, իրականում գյուղացուց որքանո՞վ է մթերվում կաթը, եւ ովքե՞ր են մթերում այն, կաթնամթերք արտադրող ընկերություննե՞րը, թե՞ կան նաեւ միջնորդներ։

Կաթ վերամշակողների հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող գյուղացիական տնտեսությունների համար կաթի մթերման գործարանային գները հունիսին կազմել են 160 դրամ: Կան նաեւ ընդհանուր օրինաչափությունից շեղման դեպքեր, երբ մթերման կետերից մեծ հեռավորությունների վրա տեղակայված գյուղերի բնակիչները, օգտվելով միջնորդների ծառայություններից, կաթը տեղում, իրենց տան մոտ, հանձնում են նրանց 120-130 դրամով: Սակայն նորից շեշտենք, որ դա միջնորդների կողմից սահմանված գինն է, իսկ գործարանային գինը, գործարանում հանձնելիս՝ 160 դրամ է:

Կաթնամթերքի թանկացումը կազդի նաեւ առաջին անհրաժեշտության սպառման որոշ մթերքների գնի վրա, ինչը բնականաբար բացասաբար կազդի հատկապես սոցիալապես անապահով խավի վրա։ Ի՞նչ լուծումներ կարելի է գտնել այս դեպքում։ Կա՞ն ինչ-որ առաջարկներ, որ ներկայացվել են կառավարությանը, օրինակ՝ կաթ արտադրող տնտեսությունների զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծում։

Ի վերջո Հայաստանում շատ են արոտավայրերը, բայց անասնապահությամբ զբաղվելուց շատերը խուսափում են՝ պատճառաբանելով, որ ռիսկային է։

Ամբողջ աշխարհում, հաշվի առնելով կաթնամթերքի արտադրության կարեւորությունն ու սոցիալական ուղղվածությունը, կառավարությունը պետական միջոցներից օգնություն է ցուցաբերում ոլորտում ներգրավվածներին՝ թե գյուղացիներին, թե արտադրողներին:

Օրինակ՝ Ռուսաստանում տվյալ ոլորտին հատկացվում է մոտ 1 մլրդ. ռուբլու սուբսիդավորում վառելիքի, պարարտանյութերի եւ բանկի ռեֆինանսավորման տոկոսադրույքի մասով, ինչպես նաեւ Ռուսաստանում կիրառվում է ԱԱՀ-ի տարբերակված դրույքաչափ, որի արդյունքում ոլորտը, համընդհանուր 18% դրույքաչափի փոխարեն, հարկվում է 10% դրույքաչափով:

Ուկրաինայում ավելացված արժեքի հարկ վճարող տեղական արտադրությամբ զբաղվող կաթ վերամշակող ու կաթնամթերք արտադրող ընկերությունների համար Կառավարությունը 2012 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը կիրառում է ուղղակի փոխհատուցումներ ավելացված արժեքի հարկի գծով:

Հայաստանում իրադրությունն այլ է: Կաթնարտադրության ոլորտում չեն գործում սուբսիդիաների կամ հարկերի տարբերակված դրույքաչափեր: Կաթ արտադրող գյուղացիական տնտեսությունը ազատված է ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություններից, իսկ կաթնամթերք արտադրող ընկերությունների վրա է դրված մթերվող հում կաթի դիմաց 20% վճարվող ավելացված արժեքի հարկի բեռը: Դրա արդյունքում մթերվող կաթը, փաստորեն, 20%-ով թանկ է նստում կաթ վերամշակողի վրա:

Այս առումով, մենք պատրաստվում ենք դիմել կառավարությանը այս ոլորտի համար ԱԱՀ-ի տարբերակված դրույքաչափեր կիրառելու խնդրանքով: Կարելի է նաեւ հաշվարկել ԱԱՀ-ի այն մասը, որն արտադրողները չեն կարողանում դեբետագրել եւ այդ գումարի չափով սուբսիդիաներ հատկացնել ոլորտին:

Այդունահանդերձ, պետք է փաստենք, որ կաթնամթերքի գները Հայաստանում շարունակում են ցածր մնալ հարեւան երկրներից: Ներկայումս Վրաստանում եւ Ռուսաստանում կաթնամթերքի գները մոտ 30%-ով բարձր են հայաստանյան գներից: Եվ սա այն պայմաններում, երբ Վրաստանում կաթնարտադրության ոլորտում թույլատրելի է բուսական յուղերի օգտագործումը, ինչը մեղմում է ինքնարժեքի աճը այդ ոլորտում:

Ինչպիսի՞ լուծումներ են անհրաժեշտ այս ոլորտում, որպեսզի ի վերջո Հայաստանի ներսում արտադրվի այնքան կաթ, որպեսզի բավարարի տեղական պահանջարկը։    

Հարցադրումը ճիշտ է, քանի որ միայն պահանջարկ-առաջարկ ճիշտ համամասնության դեպքում կարող է շուկան կարգավորվել: Սակայն կա եւս մի հանգամանանք՝ որն է կաթի մթերման օպտիմալ գինը: Մենք կարծում ենք, որ մթերվող կաթի գնի բարձրացման միտումը դրական է, քանի որ միայն թանկ կաթը կարող է ծածկել գյուղացու կողմից կաթի արտադրության ինքնարժեքը եւ նպաստել գյուղացիական տնտեսությունների զարգացմանն ու աճին: Բայց միեւնույն ժամանակ, այս դեպքում երկու քարի արանքում է հայտնվում արտադրողը՝ բարձրացնել պատրաստի արտադրանքի գները, թե կրել վնասներ: Ուստի, ոլորտի բնականոն գործունեության եւ աճի համար անհրաժեշտ է, որպեսզի բարձրանան նաեւ պատրաստի կաթնամթերքի գները, որպեսզի արտադրողները կարողանան վճարել գյուղացուն թանկ կաթի դիմաց:  Սա բնականոն զարգացում է եւ շուկայական տնտեսության հատկանիշներից մեկը եւ այս ամենին պետք է դրական նայել:

Սակայն միայն մթերվող կաթի գնի բարձրացումը չէ, որ կարող է ավելացնել կաթի առաջարկը: Անհրաժեշտ է բարձրացնել կովերի կաթնատվությունը, Հայաստան ներկրել բարձր կաթնատվություն ունեցող ցեղատեսակներ, բարելավել տոհմային հատկանիշները: ՀՀ կառավարության վերջին տարիներին որդեգրած քաղաքականությունն ուղղված է հենց այս խնդիրների լուծմանը, ինչը որոշ ժամանակ անց անպայման կտա իր դրական արդյունքները: