Կիրակի օրը կայացած ՌԴ 16 սուբյեկտների օրենսդիր մարմինների ընտրություններում ամենուր հաղթել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը: Սակայն ընտրություններն աչքի են ընկել ցածր ակտիվությամբ. շրջաններից յուրաքանչյուրում քվեարկությունն արհամարհել են ընտրողների 2/3–ը:

Ըստ ԿԸՀ-ի տվյալների` «Եդինայա Ռոսիան» առավելագույն աջակցությունն ստացել է  այն մարզերում, որոնք ընդդիմությունն անվանում է վարչական  ռեսուրսն օգտագործելու միջոցով ընտրակեղծիքներ կատարելու գոտի. Կեմերովի մարզ (86,49%), Չեչնիայի Հանրապետություն (85,94%) Բաշկիրիա  (76,29%): Սակայն 9 մարզերում իշխող կուսակցությունն ստացել է ընտրողների ձայների կեսից էլ քիչ` գրանցելով վերջին տարիների ամենավատ արդյունքները:  Մասնավորապես, Բուրյաթիայում «Եդինայա Ռոսիայի» օգտին քվեարկել է 43,26%-ը, Յակուտիայում` 47,44%-ը, Խակասիայում` 46,32%-ը, Մերձբայկալի երկրամասում`44,01%-ը, Արխանգելսկի մարզում` 40,44%-ը, Վլադիմիրսկի մարզում`44,38%-ը, Իրկուտսկի մարզում` 42,34%-ը, Սմոլենսկի մարզում` 41,44%-ը, Յարոսլավսկում` 41,48%-ը:

16 մարզերից 12-ում երկրորդ տեղն է զբաղեցրել ՌԴԿԿ-ն: ՌԴԿԿ-ն ամենաշատ ձայները ստացել է Բուրյաթիայում (19,45%) եւ Իրկուտսկի մարզում (18,89%): Կոմունիստների համար ամենավատ արդյունքը գրանցվել է  Չեչնիայում ` 0,19%:

Մարզերի մեծ մասում օրենսդիր մարմին է անցել Վլադիմիր Ժիրինովսկիի ՌԼԴԿ-ն: