Մոսկվայում ավարտվել է քաղաքապետի ընտրությունների ձայների հաշվարկը: Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հայտնել է արձանագրությունների 100%-ի մշակման ավարտի մասին: Հաղթող է դարձել ինքնառաջադրված Սերգեյ Սոբյանինը, որը 51,37% կամ 1 193 178 ձայն է ստացել: ԿԸՀ-ն հայտարարել է, որ ընտրություններն ավարտվել են մեկ փուլով:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին` ստանալով 27,24% կամ 632 697 ձայն: Երրորդ տեղում է ՌԴԿԿ-ի ներկայացուցիչ Իվան Մելնիկովը` 10,69% կամ 248 294 ձայն: «Յաբլոկո» կուսակցության թեկնածու Սերգեյ Միտրոխինն ստացել է 3,51% (81 493 ձայն), ՌԼԴԿ-ի ներկայացուցիչ Միխայիլ Դեգտյարովը` 2,86% (66 532 ձայն), «Սպրավեդլիվայա Ռոսիայի» առաջնորդ Նիկոլայ Լեւիչեւը` 2,79% (64 778 ձայն):
Մոսկվայի քաղաքային ԸՀ-ի ղեկավար Վալենտին Գորբունովը հայտնել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին քվեարկողների մասնակցությունը կազմել է 32,07 տոկոս:
«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների պաշտոնական արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 10-ին` Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նիստում:
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել 2013թ. սեպտեմբերի 8-ին: Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարվելուց հետո ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտնել էր, որ պահանջում է երկրորդ փուլ, իսկ քվեարկության արդյունքներն անվանել էր կեղծված:





























