Հայաստանի բնապահպանության նախարարությունը հայտնում է իր մտահոգությունը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ համացանցում հայտնված տեսանյութում առկա իրողությունների մեղավորներին բացահայտելու ուղղությամբ:
Այս առնչությամբ, նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Կիրակի օրը համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես արտասահմանցի մի քանի քաղաքացիներ որս են անում Հայաստանի տարածքներում: Տեսանյութը փաստում է, որ որսի արդյունքում սպանվել են Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ:
ՀՀ բնապահպանության նախարարությունը նախապատրաստել է համապատասխան նյութեր եւ այսօր դիմել է իրավապահ մարմիններին՝ նրանց փոխանցելով տեսանյութը: Կձեռնարկվեն նաեւ հնարավոր բոլոր միջոցները՝ տեսանյութում տեղ գտած իրողությունների վաղեմությունը բացահայտելու եւ մեղավորներին պատժելու ուղղությամբ»:




























