Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ավելացել է լրատվական կայքերի թիվը, ինչը հնարավորություն է տալիս հանգիստ վերահրապարակել թերթերում գրված  լուրերը եւ վերլուծական հոդվածները, ինչն էլ անհավասար վիճակ է ստեղծում լրատվամիջոցների համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով խորհրդարանում ներկայացված «Հեղինակային իրավունքի  եւ հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:

Օրինագիծը նախատեսում է մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, թերթերից, ամսագրերից եւ համացանցային կայքերից վերատպումը այլ թերթերում, ամսագրերում եւ համացանցային կայքերում կթույլատրվի միայն արդարացված ծավալով: Անկախ հրապարակման ծավալից, այն չպետք է լիովին բացահայտի հոդվածի էությունը եւ բացառի սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտությունը:  Հոդվածներից հատվածներ հրապարակելու դեպքում անհրաժեշտ է նշել սկզբնաղբյուրը: Էլեկտրոնային լրատվամիջոցների հոդվածներից հատվածներ հրապարակելու դեպքում պարտադիր է ակտիվ  հղումը:

Ըստ Հովհաննիսյանի` օրինագծի նպատակն է կարգավորել թերթերից, ամսագրերից եւ էլեկտրոնային կայքերից վերատպումներ կիրառելու համակարգը: «Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ավելացել է լրատվական կայքերի թիվը, որը հնարավորություն է տալիս թերթերից ազատ վերահրապարակել տեղեկատվությունը եւ վերլուծական հոդվածները: Ընդ որում` հոդվածները շատ հաճախ ամբողջությամբ են վերահրապարակվում, որով խախտվում է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքը: Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ նույն խնդիրն արդիական է նաեւ տեղեկատվական կայքերի համար, քանի որ հաճախ վերահրապարակվում են իրենց հոդվածներն ու տեղեկատվությունը:  Նման պայմաններում տեղեկատվական դաշտում կատարվածին ծանոթանալու համար ընթերցողը  կարող է այցելել միայն մեկ կայք, իսկ դրանով էլ աճում է միայն մի քանի տեղեկատվական կայքերի հաճախելիությունը: Ըստ պատգամավորի` ստեղծված իրավիճակում ամենից շատ վնաս են կրում սկզբնաղբյուրները, որոնք կորցնում են նյութերի բացառիկությունը, թերթերը կորցնում են իրենց տպաքանակը, տեղեկատվական կայքերը` հաճախելիությունը: Ըստ օրենքի փոփոխությունների` նախատեսվում է, որ օրենքը խախտվելու դեպքում լրատվամիջոցներն իրենք պետք է որոշեն` դիմել դատարան, թե ոչ: