Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը մտադիր է մասնակցել Արարատում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Թովմասյանը:

Նա նշեց, որ ով էլ առաջադրվի, իրեն մրցակից կհամարի, «բոլորն էլ մրցակից են, բոլորն է ձայներ ունեն»: Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուին կսատարեն Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, առկա է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործոնը, նախկին քաղաքապետն ասաց. «Ես շատ հարգում եմ իմ մարզի մարզպետին, բայց այս բանվորական բնակավայրերում վարչական լծակները դժվար է աշխատում: Հովիկ Աբրահամյանին մարզում հարգում են, բայց չեմ կարծում, որ նա խառնվի»:

Հակոբ Թովմասյանն իր ընտրվելու շանսերը լավ է գնահատում: «Ինքնագոհություն թող չթվա, բայց ես քաղաքի տղա եմ, քաղաքում եմ ծնվել, այստեղ եմ ապրում, այստեղ էլ ապրելու եմ, ունեմ ընկերներ ամենատարբեր տարիքի»,- ասաց նախկին քաղաքապետը:

Նշենք, որ Կառավարության առաջիկա նիստերին, հավանաբար, կնշանակվի Արարատում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ անցկացնելու օրը: Արարատի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել Աբրահամ Բաբայանի մահվանից հետո: Նրա մոտ առկա էր գլխուղեղի ուռուցք, նա մահացել էր Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում  օգոստոսի 15-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում: