Լոռու մարզում տարվա սկզբից գրանցված մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը դատախազ Հակոբ Ղարախանյանը մտահոգիչ է համարում, ինչի առնչությամբ օրերս աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել: Դատախազը ներկաներից պահանջել է կետ առ կետ նշել բոլոր այն պատճառները, որ պատասխանատու են նման վիճակագրության համար։
Անդրադառնալով Վանաձորի Տիգրան Մեծ պողոտան երեկոյան ժամերին «մրցուղու» վերածած վարորդներին՝ դատախազը նշել է. «Չափից ավել լկտի վարորդների ենք ականատես լինում, ովքեր մայթերի վրա կամ մյուս արգելված վայրերում են կայանում, խախտումներ են լինում հիմնականում երեկոյան ժամերին, կարծես մրցուղի դուրս եկած լինեն…կարմիր լույսի տակով անցնող վարորդների ենք ականատես լինում: Պետք է շատ ուշադիր լինել և շատ խիստ միջոցներ ձեռնարկել»։
Դատախազը հորդորել է խիստ միջոցներ ձեռնարկել և պատժել բոլորին, «անկախ մեքենայի մակնիշից, պետհամարանիշից ու վզի հաստությունից»
«Ամեն մի կարգազանց պետք է պատասխանատվության ենթարկվի։ Ով ուզում է՝ լինի, և դրանով մենք ոչ միայն կարգազանցին ենք պատժում, այլ կանխում ենք ինչ-որ մեկի, թեկուզ հենց իր մահը։ Ընդհանրապես չկաշկանդվեք վարորդի անձով ու մեքենայի պետհամարանիշի թվերով: Երբեք չկաշկանդվեք, շատ խիստ եղեք ու առանց որևէ կողմնապահության: Այստեղ կարևորը ոչ թե պատժի խստությունն է, այլ պատժի անխուսափելիությունը: Կարգազանցը պետք է իմանա, որ եթե կարգ է խախտում, ապա պետք է պատժվի դրա համար»,- ասել է նա։
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























