Վրաստանի պահպանողական կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոչ խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է սեպտեմբերից երկրում վերսկսել բողոքի գործողությունները:

Կուսակցությունում տեղեկացրել են նաեւ, որ դեռ չեն որոշել ի՞նչ ձեւով, ո՞ր օրվանից եւ ի՞նչ գրաֆիկով պետք է անցնեն ընդիմության բողոքի գործողությունները: Այդ հարցով ընդդիմության առաջնորդները կհավաքվեն խորհրդակցության:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն մամուլում հայտարարել է, որ ընդդիմությունը կշարունակի գործել, քանի որ դա անհրաժեշտ է երկրում արմատական ու իրական փոփոխությունների եւ իշխանափոխության հասնելու համար: Նրա խոսքով, ամռանը ընդդիմության ղեկավարները կշարւնակեն հանդիպումները Վրաստանի տարբեր շրջանների բնակչության հետ:

Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ից ի վեր Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցող ընդդիմության գործողությունները, դադարել էին ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի Վրաստան այցելության ժամանակ: Վերջինիս հետ ոչ խորհրդարանական ընդդիմության առաջնորդների հանդիպումից հետո նրանք ազատել են Ռուսթավելի պողոտան երկաթյա վանդակներից, որոնք խորհրդանշում են բանտասենյակներ եւ նաեւ այն, որ Վրաստանը վերածվել է «ոստիկանական պետության»: Ընդդիմությունը նաեւ դադարեցրել էր ամենօրյա հանրահավաքները, մեկնաբանելով, որ բողոքի այդ ձեւը սպառել է իրեն: