2005թ. ցմահ ազատազրկման դատապարտված շարքային զինծառայող Հայկ  Թորոսյանի մայրը պնդում է, որ որդուն ուրիշի հանցանքի համար են դատապարտել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ  Թորոսյանի մայրը` Լիա Թորոսյանը եւ ավելացրեց, որ որդին ազատազրկման ընթացքում «ինսուլտ» է տարել եւ կառավարության 2006թ-ի որոշման համաձայն նա  այդ հիվանդության առկայության պայմաններում պետք է ազատվի պատժի կրումից:

«Միլիցիայի աշխատակցի սպանությունը բարդեցին նրա գլխին: Գործում առկա հիմնավոր ապացույցներ կային, որը հաշվի չառան: Նրան մեղադրում են ոստիկանին սպանելու համար: Վայքի զորամասում էր ծառայում: Տղայիս նախ մեղադրեցին, թե իր հերթապահ եղած ժամանակ զինվորներից գումար է գողացել: Հետո վրեն պլան են դրել, որ եթե 16 հազար դրամ չբերի,  իրեն կփչացնեն: Հայկը հանուն այն բանի, որ իրեն չփչացնեն ու իր անունը չխայտառակեն, զինանոցից զենք է գողացել ու գնացել դիմացի խանութից գողություն կատարելու, որ բերի գումարը տա: Իսկ խանութից դուրս գալուց, երբ իրեն ոստիկաններն են հետապնդել եւ գոռացել կանգնի, օդ է կրակել: Հետո պարզվել է, որ ոստիկաններից  Վահե Դովլաթյանը սպանվել է: Այնինչ` ոստիկանը սպանված է ոչ թե ավտոմատով, այլ ատրճանակով:

Գործով առկա են նաեւ փաստեր, որ նրան հետեւից են կրակել: Չեն ցանկացել, որ նշվի, թե ոստիկանի գնդակով է մահացել ու գործը բարդել են տղայիս վրա»,- դժգոհեց ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողի մայրը:

Նա նաեւ պատմեց, որ որդին ամիսներ առաջ «ինսուլտ» է տարել եւ չի կարողանում ձեռքերը շարժել: Բացի այդ մեծ դժվարությամբ է աշխատում: «2006թ-ին կառավարության ընդունած որոշման համաձայն՝ կալանավայրում ձեռք բերված նման ծանր հիվանդությունների դեպքում նա պետք է ազատվի կալանքի հետագա կրումից: Իսկ ես ում դիմում եմ, հաշվի չեն առնում եւ միաբերան մերժում են»,- դժգոհեց մայրը: 

ԱՆ Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանն էլ ասաց, որ Հայկը դատապարտյալների հիվանդանոցում համապատասխան բուժում է անցել  եւ անցնում: « Հարցում ենք կատարել, սակայն նրա հիվանդությունը պատժից ազատվելու հիվանդությունների ցանկին չի համապատասխանում»,- ավելացրեց Գոռ Ղլեչյանը: