Լոռիի բնակիչ 37-ամյա Լուսինե Սիմոնյանը մեղադրվում է անչափահասին ինքնասպանության դրդելու մեջ: Լոռիի մարզ ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 37-ամյա Լուսինե Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով, անզգուշությամբ անչափահաս Լիլիթ Խաչինյանին հասցրել է ինքնասպանության փորձի: Քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























