Իրանում զանգվածային անկարգությունների մոտ 20 մասնակիցների մեղադրանք է առաջադրվել ծանր հանցագործություններ կատարելու մեջ: Իրանական ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, մոտակա շաբաթ օրը սկսվելու է նրանց դեմ դատաքննությունը:
Ձերբակալվածներին մեղադրում են ծայրահեղական խմբավորումներին, մասնավորապես Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպությանն անդամակցելու մեջ, դիվերսիոն գործունեության ծրագրման եւ իրականացման, զինծառայողների եւ իրավապահների դեմ հարձակումների կատարման, զենքի օգտագործման, ռազմական եւ ուսումնական հաստատությունների դեմ դիվերսիաների իրականացման, Իրանի թշնամի ԶԼՄ-ների հետ համագործակցության մեջ:
Իրանական օրենքներով՝ նման հանցագործությունների մեջ մեղադրվողներին սպառնում է ընդհուպ մահապատիժ:
Հիշեցնենք, որ զանգվածային անկարգություններն Իրանում սկսվեցին այս տարվա հունիսին երկրի նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեջադի հաղթանակից հետո: Պարտված թեկնածու Միրհոսեյն Մուսավիի կողմնակիցները դուրս եկան փողոց եւ բողոքի ալիք բարձրացրին: Անկարգությունների արդյունքում 27 մարդ զոհվեց, մոտ հազարը ձերբակալվեցին:



























