Հայաստանի Ազգային Ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 19-ին ընդունել է «Արեւելյան գործընկերության» ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են «Արեւելյան գործընկերության» չորս հիմնարար պլատֆորմներին առնչվող հարցերը քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ խորհրդարանական ռեսուրսներով առաջ մղելու մեխանիզմները, հատուկ անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» աշխատանքներին:

Տիկին Զոհրաբյանը տեղեկացրել է, որ «Եվրանեսթի» մեկնարկային նիստը, որը նախատեսված էր Բրյուսելում` մարտի 23-ին, հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Հանձնաժողովի նախագահը նշել է նաեւ, որ օրերս ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին է ուղարկվել Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» կանոնադրության վերաբերյալ հայկական կողմի առաջարկները:

Կողմերը քննարկել են նաեւ Արեւելյան գործընկերության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականությանն առնչվող կոնկրետ խնդիրներ: