Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայերին Թուրքիայից արտաքսելու մասին արած հայտարարությունից հետո, արտասահմանյան ԶԼՄ-ները սկսել են հետաքրքրվել հայ գաղթականների հարցերով։ Բրիտանական Reuters գործակալությունը եւս անդրադարձել է այդ հարցին։

Լրատվական գործակալության լրագրող Դարեն Բաթլերն իր «Հայերը ներքաշված են Թուրքիայի քաղաքականության մեջ» հոդվածում բերում է Ստամբուլի Գումքափը թաղամասի բնակչի խոսքերը.

«Ես չեմ վախենում, ես պետք է աշխատեմ այստեղ, քանի որ Հայաստանում իրավիճակը շատ ծանր է»,- պատմում է 60-ամյա Լիա Խաչատրյանը։

«Անցել է 100 տարի, սակայն հարցը նորից ջրի երես է դուրս եկել եւ մենք վախեցած ենք։ Վարչապետը շատ կտրուկ է արտահայտվել։ Մենք չենք ուզում կապ ունենալ քաղաքականության հետ։ Մենք պարզապես եկել ենք այստեղ աշխատելու»,-նշում է տնային տնտեսուհին, ով չցանկացավ ներկայանալ։ Ինչպես շատ հայ գաղթականներ, նախկին ուսուցչուհին Թուրքիա է եկել Գյումրիից՝ 1988 թվականի երկրաշարժից հետո։

Հոդվածի հեղինակը նշում է նաեւ, որ Թուրքիայում հայ գաղթականների թիվն անհայտ է։ Սակայն ստամբուլահայերը համոզված են, որ թուրքերի հայտնած տվյալները չափազանցված են։

Բաթլերը մեջբերում է Օմեր էրչեթինի խոսքերը, ով միջազգային հեռոխոսակապի ծառայություն է մատուցում եւ որտեղից տեղի հայերը զանգում են տուն՝ բարեկամներին։ Նրա խոսքերով, հայ գործընկերը հրաժարվել է գործի գալ, քանի որ վախեցել է ոստիկանության ստուգումից.

«Մարդիկ վախեցած են եւ տնից դուրս չեն գալիս»,-հավաստիացնում է նա։

Սակայն հոդվածի վերջում հեղինակը նշում է, որ Գումքափը թաղամասում բնակվող հայերի եւ թուրքերի հավաստիացմամբ, իրենց հարաբերությունները լավ են։