Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով ներկայումս պաշտոնական այցով գտնվում է Բոսնիա Հերցեգովինիայում, այդ երկրի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sonsayfa» կայքէջը։

Լրագրողներից մեկի հարցին, թե «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ կապված, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու համար, Թուրքիա իր գալը պայմանավորել է հայ-թուրքական սահմանի բացմամբ։ Քննադատություններ կան, որ գործընթացը դանդաղել է։ Նախատեսվու՞մ է, որ գործընթացը կակտիվանա», Թուրքիայի ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք Թուրքիա- Հայաստան հարաբերությունների խնդրում մեր վճռականությունը շարունակում ենք։ Այս գործընթացը արագ կամ դանդաղ տանելուց ավելի շատ կողմերը պետք է կարողանան ամեն խնդրում պարզ ձեւով կիսվել։ Մենք այս խնդրում հնարավոր մերձեցման հույս ունենք։ Թուրքիայի միակ ցանկությունն է տարածաշրջանում բոլորի երկրների հետ լավացնել իր հարաբերությունները։ Տարածաշրջանը պետք է ազատենք լարվածություններից։ Դրանից հետո այդ ուղղությամբ մեր շփումները շարունակվելու են»: