Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Euronews» հեռուստաալիքին: NEWS.am-ը ներկայացնում է հարցազրույցի տեքստը.
Եկեք միանգամից անցնենք ամենակարեւոր հարցին: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ ձայներով՝ ընդդեմ 22 դեմի, ցեղասպանություն է ճանաչել ավելի քան 1,5 միլիոն հայերի սպանդը 1915թ. Օսմանյան կայսրությունում: Ձեր կարծիքով, քվեարկությունն ինչո՞ւ հենց հիմա տեղի ունեցավ:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները նորություն չեն իմ երկրի քաղաքական կյանքում: Վերջին 10 տարիներին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մի քանի փորձ է արել բանաձեւը քվեարկության դնել: Բացի այդ, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է ամերիկյան 42 նահանգների կողմից, այնպես որ մարտի 4-ի բանաձեւը մեզ համար ոչ անակնկալ էր, ոչ էլ՝ նոր մոտեցում:
Եւ, այդուհանդերձ, տեսնո՞ւմ եք արդյոք քվեարկության համար ժամկետը ընտրելու հատուկ պատճառ ՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համատեքստում:
Այսօր մենք Թուրքիայի հետ քննարկում ենք հարաբերությունների վերականգման հեռանկարները: դա պետք է տեղի ունենա առանց որեւէ նախապայմանի: Կարծում եմ` Թուրքիան մեզ որեւէ բանում մեղադրելու եւ նախապայմաններ առաջ քաշելու բարոյական իրավունք չունի: Երբ դուք սկսում եք հարաբերություններ առանց նախապայմանների, դա նշանակում է, որ դուք ազատ եք այս կամ այն թեման չքննարկելու հարցում: Հակառակ դեպքում` որեւէ արդյունքի չեք հասնի: Օրինակ` պատկերացնենք՝ Թուրքիայի խորհրդարանը ինչ-որ մի հրաշքով վավերացնում է արձանագրությունները, նույնն անում է Հայաստանի խորհրդարանը: Եվ ահա, մենք վերականգնում ենք հարաբերությունները, իսկ որեւէ երրորդ կողմ, որը չի ցանկանում դա, հատուկ հենց այդ ժամանակ բարձրացնում է Ցեղասպանության հարցը: Եւ ի՞նչ, Թուրքիան դա կօգտագործի որպես պատրվակ մեր երկխոսությունը կրկին դադարեցնելու համա՞ր:
Հայաստանի գլխավոր խնդիրներն են գործազրկությունը, տնտեսական մեկուսացումը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ վաղեմի տարաձայնությունները… Ձեր կարծիքով` հնարավո՞ր է այդ խնդիրներն այժմ ավելի հեշտ ձեւով լուծել:
Թուրքիայի հետ մեր տարաձայնությունները երեկ չեն սկսվել: Հայ-թուրքական սահմանը փակ է արդեն 17 տարի: Իսկ 17 տարի առաջ որեւէ բանաձեւ էլ չկար… Մենք հրաշալի հասկանում ենք ` Թուրքիան մեծ երկիր է եւ՛ բնակչության, եւ՛ տարածքի, եւ՛ հզորության տեսանկյունից: Նա մի քանի անգամ մեծ է, քան Հայաստանը: Եթե մենք ապրեինք մեկուսացված, կարելի էր հասկանալ: Սակայն մենք` եւ՛ Թուրքիան, եւ՛ Հայաստանը, միջազգային հանրության մաս ենք, եւ դրա մյուս անդամները` Միացյալ Նահագները, Ֆրանսիան, Եվրամիությունը, պետք է ազդանշաններ ուղարկեն, գնահատականներ տան հարեւան երկրներում տեղի ունեցող այս կամ այն իրադարձություններին եւ փոփոխություններին:
Ես կրկին վերադառնամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Այդ հարցը չափազանց կարեւոր է թե՛ Հայաստանի բնակչության, թե՛ Սփյուռքի համար… Այսպես, մանրամասնեք, խնդրեմ, ինչո՞ւ Երեւանի պետական համալսարանը 2007թ. պատվավոր կոչում տվեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: Այդ գործիչը Ցեղասպանությունը չի ճանաչում:
Գիտեք ինչ, մենք չենք կարող ստիպել մեր հարեւաններին, այլ երկրների ղեկավարներին, մտածել այնպես, ինչպես մենք: Եւ պետք չէ անձնավորել պատվավոր կոչում տալու փաստը… Չէ որ այդ քայլի ետեւում մեր մեծ ցանկությունն է՝ երախտիք հայտնել այն ժողովրդին, որի ետեւում կանգնած է տվյալ քաղաքական գործիչը: Իսկ իրանցիները պատմականորեն մեր մերձավոր հարեւաններն են եւ շատ կարեւոր են մեզ համար:
Համաձայն ե՞ք համարել Երեւանի համալսարանի որոշումը իրական քաղաքականություն վարելու հայկական դրսեւորում:
Ես դա կանվանեի համալսարանի հատուկ մոտեցում… Եւ այդ մոտեցումն այսօր լայն տարածված է ժողովրդավարական երկրներում:
Հաղորդվում է, որ փետրվարին Լոնդոն կատարած այցի ընթացքում Դուք ասել եք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Կարծես թե միջազգային հանրությունն այլ տեսակետ ունի։
Չեմ կարծում, թե միջազգային հանրությունն այլ տեսակետ ունի: Պատմությունն այդ լավ հայտնի է՝ Լեռնային Ղարաբաղը չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այն տվել են Ադրբեջանին տարածաշրջանի խորհրդայնացման ալիքի վրա: Ինչո՞ւ, ի դեպ, միջազգային հանրությունը ողջունեց ԽՍՀՄ-ի փլուզումը: Ինչո՞ւ չհայտարարեց, թե Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը ԽՍՀՄ-ի մասն են: Իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում միջազգային հանրությունը, չգիտես ինչու, պնդում է, թե այն Ադրբեջանի մաս է կազմում: Ձեզ չի՞ թվում, որ դա տրամաբանական չէ:
Ի՞նչ զիջումների է պատրաստ գնալ Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Մենք չենք կարող վերացնել հակամարտության հետեւանքները, եթե նախ չպարզենք դրա պատճառները: Ահա ինչ վերաբերում է պատճառներին… Մենք նախ եւ առաջ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Երբ այդ հարցը որոշվի, տարածաշրջանային մյուս խնդիրների կարգավորումը կլինի հեշտ եւ արագ: Ակնհայտ է, որ մենք՝ հայերս, շատ ավելի ենք շահագրգռված հակամարտության կարգավորման հարցում, բայց կարգավորել երկարաժամկետ պլանում, այնպես, որ տարածաշրջանում վերականգնվի խաղաղությունն ու անվտանգությունը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանին, ինչը կնշանակի Ղարաբաղի վերացում:
Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Նրանք բաց չեն թողնի Ղարաբաղը:
"Միջազգային հանրությունը մեզ առաջարկում է այդ խնդիրը կարգավորել միջազգային իրավունքների երեք սկզբունքների հիման վրա` ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման: Օգտվելով առիթից՝ ուզում եմ հեռուստաեթերից դիմել Ադրբեջանին` կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում, թույլ կտար մարդկանց հասկանալ, որ Ադրբեջանը կանգնած է խաղաղ կարգավորման դիրքերում: Իսկ դրանից հետո մենք կարող ենք աշխատել մանրամասների վրա…։ Մենք՝ հայերս, մեկ անգամ չէ, որ ասել ենք, թե ինչ է մեզ համար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ ադրբեջանցիները կարո՞ղ են ասել, թե ինչպես են նրանք հասկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Երբ մենք անում ենք հարցին առնչվող համատեղ հայտարարություններ, Ադրբեջանը չի խոսում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, բայց խոսում է հակամարտության գլխավոր մասնակիցներից մեկի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:



























