«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախկինում Պաշտպանության փոխնախարար Գեղամ Հարությունյանը այսօր ընտրվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ: Այսօր նա ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդրանիկ նիստին:
Հիշեցնենք, որ նա ընդամենը 2 տարի առաջ, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ամենասուր քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին: Գեղամ Հարությունյանը երկու անգամ կալանավորվել է ընդդիմադիր գործունեության համար: Առաջին անգամ դա եղել է 2004 թվականի ապրիլի 12-ի դեպքերից հետո, երբ իրավապահները ջրցան մեքենաներով ու մահակներով հարձակվեցին Բաղրամյան փողոցում հավաքված ցուցարարների վրա, եւ երկրորդ անգամ` մարտի 1-ի դեպքերից հետո, երբ նրա մոտ հայտնաբերել էին իր անվանական զենքը։ Նրան դատապարտել էին` պատիժը պայմանականորեն չկիրառելով, եւ դատարանի դահլիճից ազատ արձակելով:
Գ. Հարությունյանը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ է այդ կուսակցության ստեղծման օրվանից` 2001 թվականից, սակայն կուսակցությունում տեղյակ չեն եղել այս ամենից ու անակնկալի են եկել այս տեղեկատվությունից: Վաղը, այս հարցը քննարկելու նպատակով, կուսակցությունում հրավիրվելու է քաղխորհրդի նիստ:
Նշենք նաեւ, որ վերջին 1,5-2 տարում նա ակտիվ կուսակցական գործունեություն չի ծավալել եւ չի այցելել կուսակցության գրասենյակ:



















