«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը ցույց է տալիս, որ Թուրքիայի ակնկալիքները չեն փոխվել»,- մարտի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
Նշելով, որ Թուրքիան շարունակում է ակնկալիքներ ունենալ Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խոչընդոտման առումներով, նա ընդգծեց, որ այդ երկիրը քաղաքական մեծ դիվիդենտներ շահելու նպատակ է հետապնդում եւ ջանում է գործընթացից առավելագույն օգուտներով դուրս գալ։ «Թեպետ ՀՀ իշխանությունները նախաձեռնողական քաղաքականություն են որդեգրել եւ գնում են հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու եւ երկրի ժողովրդավարացման կայացման ուղղությամբ, սակայն ակնհայտ է, որ հայ-թուրքական գործընթացը փակուղի է մտել, եւ փակուղի է մտել ոչ մեր մեղքով. մեզ չէ, որ միջազգային հանրությունը մեղադրում է դրանում»,- համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավորը՝ ավելացնելով, որ գործընթացն սկսելուց առաջ ՀՀ իշխանությունների կողմից առաջ քաշված «հիմնարար սկզբունքներն անփոփոխ են մնում»։ Ասվածի լավագույն ապացույց Վ. Այվազյանը համարեց այն փաստը, որ հայկական կողմը պատմական փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման ֆոնի տակ չի համաձայնում եւ չի գնա Ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցմանը։ «Հայկական կողմն իրենից կախված ամեն բան արել է. մենք ստորագրել ենք երկկողմ արձանագրությունները եւ սպասելուց բացի մեզ այլ բան չի մնում»,- ամփոփեց խորհրդարանականը։



























