Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն եւ Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ին հրավիրել են Բաքու՝ մասնակցելու ապրիլի 26-28-ը Բաքվում կայանալիք ԱՊՀ եւ Բալթյան երկրների հոգեւոր առաջնորդների գագաթաժողովին:
Այդ մասին մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված ժողովում հայտարարել է Գարեգին 2-ը՝ հավելելով, որ ընթացակարգային որոշակի հստակեցումներից հետո վերջնական որոշում կկայացվի գագաթնաժողովին Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցության վերաբերյալ:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին ներկայացվել են Մայր Աթոռի 2009թ. գործունեության տեղեկագիրը եւ ֆինանսա-տնտեսական զեկույցը:
Գերագույն հոգեւոր խորհուրդն ի գիտություն է ընդունել նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության Կրոնական Ժողովի ատենապետ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի զեկույցը Կոստանդնուպոլսի Հայոց Աթոռակից պատրիարքի ընտրության ընթացքի վերաբերյալ` վերահաստատելով փոխանցված տեղեկատվությունը, որ Թուրքիայի իշխանություններին ներկայացվել է Աթոռակից պատրիարք ընտրելու վերաբերյալ դիմումը` սպասելով ընտրության անցկացման համար համապատասխան արտոնության տրամադրմանը:



















