Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ լրագրողներն աղավաղել են Թուրքիայում ապօրինի ապրող 100 հազար հայերին վտարելու մասին իր հայտարարությունը, առաջ է բերել արտասահմանյան թերթերի սարկազմը։

Գերմանական Der Tagesspiegel թերթը ուշադրություն է հրավիրում CNN-Türk-ի իրոնիայի վրա. «Մեղավորները գտնվել են. դրանք ԶԼՄ ներկայացուցիչներն են»։ Այնուհետեւ թերթը հիշեցնում է, որ սա առաջին անգամը չէ, երբ տարրական դիվանագիտական էթիկայից զուրկ Թուրքիայի վարչապետը քաղաքական լարվածություն է առաջացնում։ Այնուամենայնիվ, թերթն ընդգծում է, որ Էրդողանի՝ հայերին վտարելու մասին սպառնալիքները հազիվ թե իրականություն դառնան, որովհետեւ դա կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ կսատարի Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

«Հայտնի է, որ Էրդողանը չի տիրապետում դիվանագիտական լեզվին։ Ժամանակ առ ժամանակ նա իրեն անտակտ արտահայտություններ է թույլ տալիս։ Թուրքիայում սովոր են հաղորդակցվելու նրա „բարձր“ ոճին։ Սակայն Էրդողանի „ոճը“ քիչ վնաս չի պատճառի Թուրքիայի արտաքին քաղաքականությանը»,- գրում է թերթը՝ հիշեցնելով Էրդողանի կողմից Իսրայելի հասցեին արված հայտարարությունները, թուրք էմիգրանտների մասով՝ Գերմանիային ուղղված անհիմն մեղադրանքները, Չինաստանին ույգուրների ցեղասպանության մեջ մեղադրելը։