«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի հարցով նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է.
«Այսօր այցելել եմ „Ժամանակ“ թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, ով այս պահին գտնվում է „Դատապարտյալների հիվանդանոց“ քրեակատարողական հիմնարկում: Սա առաջին այցելությունս չէր քրեակատարողական հիմնարկ, բայց երբեւէ այսքան ծանր զգացողությամբ դուրս չեմ եկել այնտեղից, որովհետեւ որեւէ քաղբանտարկյալի մոտ չեմ նկատել առողջության այդպիսի վատթարացում ինչպիսին առկա էր նրա մոտ: Տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, հիպոֆիզի ուռուցք, որի արդյունքում նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող:
Արման Բաբաջանյանի առողջության մասին բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն մեր հորդորները չլսվեցին: Եվ այսօր ունենք առողջության ծայրահեղ կորստի փաստի առջեւ կանգնած հայ երիտասարդ: Հետեւությունս մեկն է` չհարգվեցին ոչ միայն նրա մարդկային իրավունքները` այդ թվում պայմանական վաղաժամկետ ազատման, այլ նաեւ չպահպանվեց նրա առողջությունը:
Կարեւորելով մեր երկրի ստանձնած շատ պարտավորություններ` էլ առավել եմ կարեւորում մեր երկրի ներսում հանդուրժողականության, մեծահոգության եւ արդարամտության դրսեւորումները: Անարդար է, երբ քրեական հանցագործը, ով մայրաքաղաք Երեւանում մահվան հանգեցնող „ճակատամարտ“ է իրականացնում, ազատազրկվում է շատ ավելի նվազ ժամկետով, քան երիտասարդ լրագրողը, որին վերագրվում է ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու արարք:
Հայցում եմ Ձեր միջամտությունը եւ ակնկալում, որ նախագահական ձեր լիազորությունների շրջանակում ազատություն կշնորհեք Արման Բաբաջանյանին»:



















