Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանը, անդամներ Կարինե Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը, Միքայել Մելքումյանը եւ Թեւան Պողոսյանը, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հանդիպել են Բեռլինի Հումբոլդտի համալսարանի գիտնականների հետ եւ քննարկել հայ-գերմանական կրթական եւ մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցելու կրթական այն ծրագրերի իրականացմանը, որոնք միտված կլինեն հայ-գերմանական կապերի առավել զարգացմանը եւ խորացմանը: Կարեւորվել է հայաստանցի ուսանողներին եւ երիտասարդներին իրենց փորձառությունը Գերմանիայի Բունդեսթագում անցկացնելու հնարավորություն ընձեռող ծրագիրը: Նշվել է, որ առաջիկայում գերմանացի ուսանողները եւս հնարավորություն կունենան այդ ծրագրի շրջանակներում այցելել Հայաստանի խորհրդարան: Բարեկամական խմբի անդամներն անդրադարձել են Հայաստանում Գերմանական համալսարանի բացման կարեւորությանը:

Գերմանացի գիտնականները տեղեկացրել են, որ Հումբոլդտի համալսարանը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ քրեական իրավունքի ասպարեզում իրականացնում է գիտակրթական ծրագիր եւ նպատակ ունի այլ կրթական հաստատությունների հետ եւս ծրագրեր սկսելու: Նրանք կարեւորել են երկու երկրների կրթական հաստատությունների միջեւ համագործակցության խորացումը, նոր ծրագրերի իրականացումը: